ՀՀ-ում շահագործվող 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներ շարունակ շահագործվել են ակնառու խախտումներով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԵՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին:

ՀՀ վարչապետի 2018թ․ սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից իրականացված ուսումնասիրությունների, ստուգումների և հսկողական գործառույթների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքում շահագործվող ընդհանուր 184 փոքր ՀԷԿ-երից /որոնցից 147-ի շահագործման լիցենզիան տրվել է մինչև 2014թ.-ը/ 143-ում բացակայել են ջրաչափական սարքերը, ինչը հակասել է ջրօգտագործման թույլտվությամբ  սահմանված պահանջներին: Որոշ դեպքերում փոքր ՀԷԿ-երում չեն պահպանվել բնապահպանական թողքերի ծավալները՝ մի քանի անգամ խախտելով թույլատրված չափաքանակները, ինչպես նաև գետի հունում բացակայել են ձկնապաշտպան կառույցները և ձկնանցարանները, իսկ առկայության դեպքում, չեն ծառայել իրենց նպատակներին: Արձանագրվել են նաև ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրառի չափաքանակների բազմակի անգամ գերազանցման փաստեր:

Պարզվել է, որ լիազոր մարմնի` ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, տարիներ շարունակ միջոցներ չեն ձեռնարկել ՀՀ տարածքում շահագործվող շուրջ 143 փոքր ՀԷԿ-երում ջրօգտագործման հաշվառման արդի տեխնոլոգիաների` սարքերի և սարքավորումների ներդրման հետ կապված խախտումների հայտնաբերման, արձանագրման, խախտումների դեպքում օգտագործման թույլատվության կասեցման կամ չեղյալ համարելու, ինչպես նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 63.2 հոդվածով /ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը/ նախատեսված տուգանքը` շուրջ 29.000.000 դրամ նշանակելու և գանձելու ուղղությամբ: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացրել ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: