ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների տարեկան ծրագրերը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  կայացած նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական, ինչպես նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների 2019 թվականի տարեկան գործունեության ծրագրերը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի տեղեկացմամբ` ծրագրում ներկայացված են ամփոփ տեղեկություններ տնտեսական մրցակցության իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, տնտեսական մրցակցության պաշտպանության միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ: Փաստաթղթում ներառված է նաև տնտեսական մրցակցության կարգավորման մեխանիզմներին, մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկներին, օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների իրականացմանն առնչվող տեղեկատվություն: Ըստ Արտակ Շաբոյանի՝ ծրագրի նպատակներն են` պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը ապրանքային շուկաներում, խթանել մրցակցային մշակույթը, նպաստել սպառողների շահերի պաշտպանությանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը, ներկայացնելով գործունեության ծրագիրը, նշել է, որ կառույցը գալիք տարի, շարունակելու է հետամուտ լինել կարգավորվող ոլորտների իրավական ակտերի լրամշակման աշխատանքներին:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթների քննարկումը հետաձգվել է: