ՀՀ ԱԺ նախագահը Գիտելիքի օրվա առթիվ այցելել է համար 76 հիմնական դպրոց

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեպտեմբերի 1-ին այցելել է Երեւանի «Արգենտինյան Հանրապետություն» համար 76 հիմնական դպրոց:

Արա Բաբլոյանը շնորհավորել է ուսուցիչներին եւ աշակերտներին Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ու հպարտությամբ նշել, որ ինքը նույնպես համար 76 դպրոցի շրջանավարտ է:

Պարոն Բաբլոյանը մեր պետության զարգացման ու կայացման գործում կարեւորել է կիրթ, բանիմաց, հայրենասեր ու նպատակասլաց քաղաքացու դերը, որը երկրի լավագույն կապիտալն է:

ՀՀ ԱԺ նախագահն իր ելույթում նշել է. «Կյանքի ճանապարհը սկսվում է դպրոցից: Դպրոցը՝ ի դեմս հայ-արգենտինական այս կրթօջախի, այն վայրն է, որտեղ գիտելիք ձեռք բերելուց բացի, դուք ձեւավորում եք մարդկային հարաբերություններ, գտնում բարեկամներ եւ ընկերներ:

Հայ-արգենտինական դպրոցը ժողովուրդների ընկերության եւ բարեկամության լավագույն վկայությունն է: Այս տարի լրանում է ձեր դպրոցի հիմնադրման 65-ամյակը եւ Հայաստանի ու Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով տարեցտարի ավելի է ամրապնդվելու հայ-արգենտինական բարեկամությունը եւ ավելի է զարգանալու համար 76 դպրոցը»:

ՀՀ ԱԺ նախագահը շրջել է հարազատ կրթօջախում եւ ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հետ մասնակցել «Մեկ գիրք հանուն բարեկամության» նախաձեռնության շրջանակում դեսպանության կողմից դպրոցի գրադարանին նոր գրքերի հանձնման արարողությանը: Նախաձեռնության շրջանակում դպրոցի գրադարանը հարստացել է մոտ 150 իսպանալեզու նոր գրքով: