ՀՀ Ազգային ժողովը վերսկսել է «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» լրամշակված օրենքի նախագծի քննարկումը

ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին եւ դասախոսներին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ խորհրդարանը վերսկսել է «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» լրամշակված օրենքի նախագծի քննարկումը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորների կողմից ընդհանուր առմամբ ստացվել է 111 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է: Ընդհանուր առմամբ՝ նախագծի ծախսային մասը փոփոխվել է մոտ 15 մլրդ դրամով: Վարդան Արամյանը տեղեկացրել է, որ խորհրդարանականների ներկայացրած առաջարկները վերաբերել են տարբեր ոլորտների, սակայն հիմնականում չեն նշվել այն ծրագրերը, որոնք առաջարկվում է լրացուցիչ ֆինանսավորել: Պետական բյուջեի ծախսային մասը խորհրդարանականներն առաջարկել են ավելացել 16,4 մլրդ դրամով:

Առաջարկներ է ներկայացրել նաեւ ՀՀ կառավարությունը: Փոփոխությունների արդյունքում ընդունվել է առաջարկների մի մասը: Մասնավորապես՝ լրացուցիչ 4 մլրդ դրամ ուղղվելու է առողջապահության ոլորտին, որի շնորհիվ կավելացվի հիվանդանոցային, արտահիվանդանոցային որոշ ծրագրերի ֆինանսավորումը: 1 մլրդով կավելացվի Ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվող ֆինանսավորումը, 1,5 մլրդ դրամ նախատեսված է տարադրամի փոխարժեքների փոփոխությամբ պայմանավորված: Նախարարի խոսքով՝ սեպտեմբերից ի վեր փոփոխվել են դոլարի եւ եվրոյի փոխարժեքները, իսկ որոշ գնումներ կատարվում են հենց այդ տարադրամներով: 4 մլրդ դրամով ավելացվել է պետական բյուջեի պահուստային ֆոնդը, որը մասամբ պայմանավորված է 2018 թվականին նախատեսված 3 կարեւոր միջոցառումների ֆինանսավորման անհրաժեշտությամբ: 1 մլրդ դրամով կավելացվի «Հայաստան» զորախմբի ֆինանսավորումը:

2018 թվականի բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ, որից հարկային եկամուտների եւ պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156,9 մլրդ դրամ: