«Հարգելի դատարան ես նման ձեռագիր չունեմ, դա քննիչն է գրել»․ Սեֆիլյանի և մյուսների գործով ցուցմունք տվեց վերջին վկան

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ նախորդ նիստին փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանից հեռացել էր՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդություն կազմելու համար, և այդպես էլ չէր վերադարձել դատարան, ինչի համար դատավոր Տաթևիկ Գրիգոյանը որոշել էր ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պաշտպանությունն իրականացնելու համար դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ: Այդ պատճառով դատարան էր ներկայացել հանրային պաշտպան Աննա Ջուվանովան: Դատավորը ցանկացավ այս հարցի վերաբերյալ իմանալ ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի կարծիքը, սակայն վերջինս դատավորի հարցին պատասխանեց նստած տեղից:

«Իմ պաշտպանության իրավունքը պատկանում է ինձ, այլ ոչ թե ձեզ հարգելի դատավոր, և ես եմ որոշում, թե ով պետք է ինձ պաշտպանի: Ես համաձայն չեմ, որ Տիգրան Եգորյանից բացի, ուրիշ մեկը իրականացնի իմ պաշտպանությունը»,- իր խոսքում նշեց Գևորգ Սաֆարյանը:

Դատավորի նախազգուշացումներից հետո Գևորգ Սաֆարյանը շարունակեց մնալ  նստած տեղում և դատավորին զուգահեռ խոսել, ինչը դատավորը համարեց անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ և կիրառեց սանկցիա՝ 4 ժամով Գևորգ Սաֆարյանին հեռացնելով դատական նիստերի դահլիճից:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ներկաներին հայտնեց, որ փաստաբան Տիգրան Եգորյանը գրություն է ուղարկել դատարան, որում հայտնում է, որ ունի առողջական խնդիրներ և չի կարող ներկայանալ դատարան, ինչի համար խնդրում է դատարանին հետաձգել նիստը: Դատավորը որոշեց հանրային պաշտպան Աննա Ջուվանովային ներգրավել որպես Գևորգ Սաֆարյանի պաշտպան:

Այնուհետև ներս հրավիրվեց գործով վերջին վկա Հովհաննես Մինասյանը: Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ դատարանը որոշել էր բաց թողնել վկաների հարցաքննության փուլը և անցնել գործում եղած ապացույցների հետազոտմանը, քանի որ գործով վերջին վկան այդ ժամանակ գտնվում էր ծառայության մեջ։

Գործով վկա Հովհաննես Մինասյանն  իր ցուցմունքում նշեց, որ ներկաներից  ճանաչում է միայն Ժիրայր Սեֆիլյանին՝ որպես ազգի հերոսի և Գևորգ Սաֆարյանին՝ որպես հայ երիտասարդի. «Կուզեի, որ ազգի բոլոր երիտասարդները Գևորգ Սաֆարյանի նման լինեին»:

Վկայի խոսքերով ինքը միայն գիտի, որ Ժ. Սեֆիլյանը և մյուսները խուլիգանություն չեն արել, իսկ «Հիմնադիր Խորհրդարան»-ը հայրենասիրական կազմակերպություն է եղել և ցանկացել է, որ ժողովուրդը լավ ապրի:

«Ես խաղաղ երթերի կողմնակից եմ եղել, հիմա էլ եմ կողմնակից»,- ասաց նա։

Վկան նաև հայտնեց, որ ճանաչել է Պավել Մանուկյանին և Միայնակ Գայլին 〈Արայիկ Խանդոյան〉. «Նրանց, որ դատապարտում եք շատ սխալ է, քանի որ նրանք հայրենիք են ազատագրել»:

Այլ մանրամասներ վկան դժվարացավ հայտնել, միայն ասաց, որ ինքը մի անգամ գիշերել է ինչ-որ բնակարանում,  քանի որ մնալու տեղ չի ունեցել, իսկ առավոտյան այդ բնակարան են մտել ոստիկանության աշխատակիցները և սկսել են խուզարկել այն:

«Առավոտյան ժամը 6-ի սահմաններում այդ բնակարան են եկել ոստիկանները և սկսել են խուզարկել։ Մեզ պահում էին այնտեղ և չէին թղնում շենքից դուրս գայինք, նույնիսկ հեռախոսներն են անջատել տվել: Այնուհետև տարել են քննիչի մոտ»,- իր խոսքում նշեց վկան:

Մեղադրող դատախազի միջնորդության համաձայն հրապատակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որը լսելուց հետո վկան դատարանին հայտնեց, որ ցանակնում է այդ ցուցմունքը փոխել, քանի որ ցուցմունքում կան այնպիսի մարդկանց անուններ, որոնց ինքը չի ճանաչում և գրված են այնպիսի բաներ, որոնք ինքը չի գրել։ Վկան նաև հայտնեց, որ չի հիշում իր ձեռքով է գրել այդ ցուցմունքը, թե ոչ։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, որոշեց ցուցմունքը ցույց տալ վկային, որպեսզի նա ճանաչի իր ձեռագիրը, սակայն վկան հայտնեց, որ դա իր ձեռագիրը չէ։

«Կարո՞ղ եմ չէ ցուցմունքս փոխել։ Հարգելի դատարան ես նման ձեռագիր չունեմ, դա քննիչն է գրել»,- ասաց նա։

Նշենք նաև, որ ցուցմունքի հրապարակումից հետո վկան սկսեց բարկանալ, հատկապես, երբ նրան հարցեր էին ուղղում, վերջինս մի քանի րոպե ժամանակ խնդրեց դուրս գալու և ծխելու համար։

«Էս ինչ հարցախեղդ եք անում։ Այնպես չի, որ մենք լավ տեղից ենք գալիս»,- ասաց նա։

Ընդմիջումից հետո՝ պատասխանելով կողմերի հարցերին վկան հայտնեց, որ ինքը բավականին երկար ժամանակ մնացել է քննիչի մոտ և քանի որ հոգնած է եղել ինքն ասել է քննիչն էլ գրել․ «Ես ասում էի քննիչը գրում էր, վերջում ես ստորագրեցի և դուրս եկանք։ Ցուցմունքն էլ ամբողջությամբ չեմ կարդացել»։

Վկայի ցուցմունքից հետո շարունակվեց քրեական գործի վերաբերյալ ապացույցների հրապարակումը։

Հաջորդ դատական նիստը կկայան նոյեմբերի 10-ին։

Նյութը՝ Ելենա Արամյանի։