«Հավատարմագրային կառավարման օբյեկտի շրջանակի ընդլայնումը կնպաստի մասնավոր իրավահարաբերությունների զարգացմանը»․ Յուրի Շիրինյան

1998 թվականից ի վեր՝ առաջին անգամ 2017 թվականին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի գույքի հավատարմագրային կառավարման ինստիտուտում կատարվեցին փոփոխություններ:  Այս մասին զրուցել ենք Ի-Էլ-ԷԼ գործընկերություն իրավաբանական գրասենյակի փաստաբան Յուրի Շիրինյանի հետ։

-Պարոն Շիրինյան, նախ անդրադարձեք՝ ի՞նչ ասել է հավատարմագրային կառավարում։

– Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով կառավարման հիմնադիրը, որը գույքի սեփականատերը կամ օրենքով նախատեսված դեպքում նաև այլ անձն է, որոշակի ժամկետով գույքը հանձնում է պայմանագրի մյուս կողմի, այսինքն՝ հավատարմագրային կառավարչի հավատարմագրային կառավարմանը, իսկ հավատարմագրային կառավարիչն էլ իր հերթին պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ նրա նշած անձի (շահառուի):

Որպես կանոն՝ գույքի կառավարման հիմնադիր է հանդիսանում գույքի սեփականատերը, սակայն օրենսդիրը նախատեսել է նաև դեպքեր, երբ կառավարման հիմնադիր կարող է հանդես գալ նաև այլ անձ: Օրինակ՝ այն դեպքում, երբ խնամարկյալի անշարժ և արժեքավոր շարժական գույքի մշտական կառավարման անհրաժեշտություն կա, խնամակալության և հոգաբարձության մարմինը հավատարմագրային կառավարման պայմանագիր է կնքում իր կողմից նշանակված կառավարչի հետ, որն էլ իրականացնում է գույքի կառավարումը: Այս դեպքում արդեն, որպես կառավարման հիմնադիր է հանդիսանում խնամակալության և հոգաբարձության մարմինը, և ոչ թե գույքի սեփականատերը:  

-Խոսենք այս տարի կատարված փոփոխությունների մասին։ Ի՞նչ էական փոփոխություններ կամ լրացումներ են արվել։  

-Փոփոխություններով ուժը կորցրած են ճանաչվել այն հոդվածները, որոնք վերաբերում էին հավատարմագրային կառավարման հանձնված գույքի համար առանձին հաշվառում վարելուն, գրավ դրված գույքը հավատարմագրային կառավարման հանձնելուն, կառավարման վերաբերյալ կառավարման հիմնադրին հաշվետվություն ներկայացնելուն, հավատարմագրային կառավարչի կողմից գույքի կառավարման համար անհրաժեշտ գործողություններն այլ անձի փոխանցելուն, հավատարմագրային կառավարչի պատասխանատվությանը և վարձատրությանը, արժեթղթերը հավատարմագրային կառավարման հանձնելուն։ Հիշյալ հոդվածներով նախատեսված իրավակարգավորումները, ըստ էության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ընդհանուր դրույթներում կարգավորված են, ինչն էլ հիմք է հանդիսացել դրանք ուժը կորցրած ճանաչելու համար, ինչպես նաև այդ իրավահարաբերությունների կանոնակարգումը կարող է կատարվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ իր արտացոլումը գտնելով գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրում։

Լրացումներ են կատարվել պայմանագրի դադարմանը վերաբերող դրույթներում։ Մասնավորապես՝ պայմանագրի դադարման դեպքերը ավելացել են ևս մեկով, այն է՝ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք` հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում: Պայմանագրի դադարման դեպքում հավատարմագրային կառավարչի վարձատրության պայմանն է բարելավվել։ Այսինքն՝ եթե նախկինում նախատեսված էր, որ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք` պայմանագրից կառավարման հիմնադրի հրաժարվելու դեպքում՝ հավատարմագրային կառավարչին պայմանագրով պայմանավորված վարձատրությունը վճարելու պայմանով, ապա ներկա կարգավորմամբ նշված է, որ հավատարմագրային կառավարչին վճարվում է այդ կապակցությամբ պայմանագրով պայմանավորված գումարը։ Այսինքն՝ կողմերը կարող են պայմանագրով նախատեսել վարձատրության այլ չափ այն դեպքի համար, երբ պայմանագրից հրաժարվում է կառավարման հիմնադիրը։

– Սեփականության իրավունքով պատկանող ո՞ր գույքը կամ գույքային իրավունքը կարելի է հանձնել Հավատարմագրային կառավարման։ Այս մասով եղե՞լ են փոփոխություններ։

– Ընդլայնվել է նաև հավատարմագրային կառավարման հանձնվող գույքի շրջանակը: Գործող կարգավորմամբ նշվում է, որ հավատարմագրային կառավարման օբյեկտ կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում՝ գույքային իրավունք, մինչդեռ նախկինում, օրինակ, դրամը չէր կարող լինել հավատարմագրային կառավարման ինքնուրույն օբյեկտ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դրամը արժեթղթերի հետ միասին կարող էին հանձնել հավատարմագրային կառավարման այդ արժեթղթերում ներդրումներ կատարելու համար:

-Օրենսգրքում  Հավատարմագրային կառավարման ժամկետների հետ կապված  ևս կա՞ն փոփոխություններ։

-Օրենսգրքում կատարված փոփոխություններով նոր կարգավորման են ենթարկվել պայմանագրի կնքման ժամկետին վերաբերող դրույթները: Մասնավորապես՝ նախկին կարգավորմամբ նախատեսված էր, որ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մինչև հինգ տարի ժամկետով, իսկ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո, այն դադարեցնելու մասին կողմերից որևէ մեկի դիմումի բացակայության դեպքում, պայմանագիրը համարվում է երկարաձգված այն ժամկետով և պայմաններով, որոնք նախատեսված են պայմանագրով: Ներկայիս կարգավորմամբ՝ գույքի հավատարմագրային կառավարման ժամկետները սահմանվում են հավատարմագրային կառավարման պայմանագրով, այսինքն՝ նախկինում գործող 5 տարի ժամկետային սահմանափակումն այլևս չի գործում, և կողմերն ազատ են որոշելու պայմանագրի գործողության ժամկետը: Սակայն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, եթե գույքի առանձին տեսակի համար պայմանագրի գործողության ժամկետ կա նախատեսված օրենքով, ապա պայմանագիրը պետք է գործի համապատասխան նվազագույն կամ առավելագույն ժամկետով: Օրինակ՝ նման սահմանափակում է նախատեսված ՀՀ անտառային օրենսգրքով, որի համաձայն՝ անտառի սեփականատերը անտառը հավատարմագրային կառավարման կարող է հանձնել մինչև 10 տարի ժամկետով:

-Գործնականում գույքի կառավարման այս ձևը հաճա՞խ է կիրառվում։

– Հայաստանի Հանրապետությունում այնքան էլ տարածված չէ գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը, այնուհանդերձ, կառավարման այդ կարգը կիրառվում է պետական սեփականության տնօրինման ժամանակ։ Մասնավորապես՝ այդ եղանակով է կառավարվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ը, որի 100 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարումը 2003 թվականից սկսած մոտ 9 տարի իրականացրել է Ռուսաստանի Դաշնության «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» բաց բաժնետիրական ընկերությունը։ Հավատարմագրային կառավարման պայմանագրով է կառավարվում նաև «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը հավատարմագրային կառավարման է հանձնված «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը։

-Այս փոփոխություններն ինչի՞ կհանգեցնեն։

-Կարծում եմ, որ կատարված փոփոխությունները, մասնավորապես՝ հավատարմագրային կառավարման օբյեկտի շրջանակի ընդլայնումը, կնպաստեն մասնավոր իրավահարաբերությունների զարգացմանը և ավելի մեծ հնարավորություն կտան ֆիզիկական անձանց ևս իրենց գույքը, հատկապես՝ դրամական միջոցները, կառավարել և շահույթ ստանալ առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու։ 

[views]