Հաշվետվություն դատապարտյալների զբաղվածությունն ու վերասոցիալականացումն ապահովող միջոցառումների

2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվել է ընդհանուր առմամբ 80 (2017թ. 1-ին կիս.՝ 78) մարզական միջոցառում:

Անցկացվել են շախմատի, շաշկու, թենիսի, դոմինոյի, ֆուտբոլի, բիլիարդի ներհիմնարկային առաջնություններ: Դատապարտյալների շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի դրսևորման, ինչպես նաև զբաղվածության, անձնական, մշակութային, կրթական զարգացման պատշաճ պայմանների ապահովման համար տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականացրել է հետևյալ դասընթացները՝ «Առողջ ապրելակերպ», մասնակցել է 25 կին դատապարտյալ, որոնցից 15-ը ստացել են վկայականներ, «Սոցիալական ուսուցում և կյանքի հմտություններ»` 13 մասնակից, «Դեկորատիվ – կիրառական արվեստ»` 22 մասնակից, «Հիմնարար գրագիտություն» (հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա)՝ անչափահաս կալանավորված և դատապարտված անձանց  համար, ընդգրկվել է 4 անչափահաս կալանավորված անձ և 2 դատապարտյալ:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացրել է «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն»,  «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ» դասընթացներ, որոնց մասնակցել է 24 դատապարտյալ (2017թ. 1-ին կիս.՝ 27):

Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների համար կազմակերպվել է տոնական միջոցառում, իսկ  երեխաների պաշտպանության միջազգային օրը ծնող-երեխա կապի ամրապնդման և զարգացման նպատակով՝ անչափահաս երեխաների հանդիպում իրենց մայրերի հետ:

 

Մայիսի 25-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է դատապարտյալ Ա.Օհանյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես` նվիրված  Առաջին Հանրապետության 100-ամյակին և մայիսյան եռատոնին:

Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, պատարագներ, տոնական օրերին` տոնակատարություններ:

Հաշվետու ժամանակահատվածում դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 413 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում (2017թ. 1-ին կիս.՝ 387), այդ թվում՝ այլ գործատուների մոտ: Ինքնագործ միավորումներում ընդգրկվել են 127-ը (2017թ. 1-ին կիս.՝ 175): Իրացվել է 142 դատապարտյալի կրթական իրավունքը ինչպես հանրակրթական, մասնագիտական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական (2017թ. 1-ին կիս.՝ 107):

Նույնականացման քարտեր և անձնագրեր տրամադրվել է 110 անձի (2017թ. 1-ին կիս.՝ 89):