Հայաստանի և Իսրայելի խորհրդարանական բարեկամական խմբերի անդամները հանդիպել են

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը, խմբի անդամներ Միքայել Մելքումյանը, Գագիկ Մելիքյանը, Գեորգի Գորգիսյանը եւ Սուրեն Մանուկյանը հանդիպել են Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Գագիկ Մինասյանը բարձր է գնահատել խորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունը: Նա հույս է հայտնել, որ դեռեւս նախորդ խորհրդարանում ձեւավորված հարաբերություններն ավելի կամրապնդվեն ու կզարգանան, ինչը կարեւոր է թե տնտեսական, թե մարդկային շփումների տեսանկյունից: Պարոն Մինասյանը մասնավորապես նշել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները դեռեւս այն մակարդակի վրա չեն, ինչի ներուժը կա: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են «Հայաստան-Իսրայել հասարակական ֆորումի» նախաձեռնությունը՝ այն համարելով լավագույն հարթակ հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման համար:

Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանը նշել է, որ հայերն առանձնակի համակրանքով են վերաբերվում հրեաներին, ինչը պայմանավորված է երկու ժողովուրդների պատմական ընդհանրություններով:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ Գագիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն, մինչդեռ Ադրբեջանը հարցը փորձում է կարգավորել ռազմական ճանապարհով, ինչի վկայությունը նաեւ նախորդ տարի նրա հրահրած ապրիլյան քառօրյա պատերազմն է:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Բարեկամական խմբի ղեկավարի գնահատմամբ՝ այն դեռեւս չի հասել պատմական արդարության հանգրվանին: «Չճանաչված եւ չդատապարտված հանցագործությունը նոր դուռ է բացում նոր հանցագործության համար»,-ընդգծել է Գագիկ Մինասյանը: Նա հույս է հայտնել, որ հարցի վերաբերյալ Իսրայելի Կնեսետում սկիզբ առած գործընթացը կհասնի իր տրամաբանական ավարտին:

Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարեւորել է բազմոլորտ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Ըստ նրա՝ վերջին երկու տարիներին բավական շատ աշխատանք է կատարվել. աշխուժացել են երկկողմ շփումները, ուղիղ չվերթեր են իրականացվում երկու երկրների միջեւ, ինչը համագործակցության նոր հնարավորություն է:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ Թալի Պլոսկովը նշել է, որ Իսրայելի Կնեսետի անդամները հասկանում են ցավը. հայկական ողբերգության հարցը լսվել է Կնեսետում եւ, ցավոք, ստացել քաղաքական գունավորում: Այս համատեքստում տիկին Պլոսկովը կրկնել է նախորդ տարի Հայաստան կատարած այցի ընթացքում՝ Ծիծեռնակաբերդում արտահայտած միտքը. «Եթե աշխարհը չներեր հայկական Ցեղասպանությունը, կարող է չլիներ հրեականը»:

Տիկին Պլոսկովը նաեւ ընդգծել է, որ Իսրայելը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ կարծում, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

Քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Բարեկամական խմբերի անդամները կարեւորել են տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, մշակույթի ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը, երկու ժողովուրդների միջեւ շփումների խորացումը: