Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

2017 թվականի օգոստոսի 23-24-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։ 

Բարձրագույն մակարդակի հանդիպումը, որը բարձր քաղաքական երկխոսության շարունակությունն է, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին։

Հայաստանի Հանրապետության Նախագահը և Թուրքմենստանի նախագահը,
համակողմանիորեն ուսումնասիրելով հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները, հենվելով Հայաստանի և Թուրքմենստանի միջև պատմական ամուր փոխառնչությունների, երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի և փոխգործակցության վրա, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև բարեկամության և համագործակցության մասին 1993 թվականի օգոստոսի 24-ի պայմանագրի անխախտելիությունը,համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումն ու զարգացումը բխում է երկու երկրների ժողովուրդների արմատական շահերից, ձգտելով զարգացնել առավել սերտ փոխգործակցություն միջազգային ասպարեզում և միջազգային կազմակերպություններում, որոնց անդամակցում են Հայաստանի Հանրապետությունը և Թուրքմենստանը, հայտարարում են ներքոհիշյալի մասին.

Բարեկամության, թափանցիկության և փոխըմբռնման մթնոլորտում անցկացված բանակցությունների ընթացքում պետությունների ղեկավարները փաստեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանը և Թուրքմենստանը մեծ ճանապարհ են անցել ամենատարբեր ոլորտներում հայ-թուրքմենական միջպետական փոխգործակցության ձևավորման և հետագա ընդլայնման ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքմենստանը, վճռական լինելով բազմապատկել և ամրապնդել երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը, այսուհետև ևս կկառուցեն իրենց հարաբերությունները փոխվստահության ոգով՝ առաջնորդվելով իրավահավասարության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, շահերի հարգման և փոխշահավետության սկզբունքներով։

Նախագահներն արտահայտվեցին առևտրատնտեսական, գիտական, մշակութային և կրթական ոլորտներում երկկողմ կապերի, միջխորհրդարանական երկխոսության, գործարար շրջանակների և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչների միջև փոխշփումների դինամիկ զարգացման օգտին։

Հայաստանի Նախագահը և Թուրքմենստանի Նախագահը գոհունակությամբ հաստատում են, որ միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ պետությունների դիրքորոշումների համահունչ լինելը և համագործակցությունը զարգացնելու փոխադարձ տրամադրվածությունը լայն հնարավորություններ են ընձեռում բազմակողմ հարթակներում կառուցողական փոխգործակցության համար։ Պետությունների ղեկավարներն արտահայտվեցին միջազգային իրավունքի գերակայության, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա հիմնված արդար ժողովրդավարական աշխարհակարգի հաստատման օգտին՝ ընդունելով ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող դերը համընդհանուր խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման, համաշխարհային հարցերում հավաքական ձեռնարկների և բազմակողմանի մոտեցումների աջակցման գործում։ Կողմերը համոզված են, որ բոլոր երկրների կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանումը առաջնահերթ է միջազգային հարաբերությունների կառուցման գործում։

Ընդգծվել է գոյություն ունեցող հակամարտությունների համար բացառապես խաղաղ լուծում փնտրելու կարևորությունը՝ քաղաքադիվանագիտական միջոցներով և մեթոդներով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։

Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահները վերահաստատեցին կառուցողական փոխգործակցության իրենց պատրաստակամությունը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, թմրանյութերի, զենքի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում։
Հայաստանը և Թուրքմենստանը կհամակարգեն իրենց արտաքին քաղաքական գործունեությունը՝ ի շահ զարգացման, համագործակցության և առաջընթացի, հանուն անվտանգության և կայունության ամրապնդման:

Կողմերը շահագրգռվածություն հայտնեցին տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման և տվյալ ոլորտում առկա ներուժի իրացման հարցում։ Այդ նպատակով նրանք առավելագույն աջակցություն կցուցաբերեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, էներգետիկայի, տրանսպորտի և հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, ոսկերչության, թեթև և վերամշակման արդյունաբերության, ինչպես նաև նորարարության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանը:
Կողմերը կնպաստեն երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև փոխգործակցության մեխանիզմի կատարելագործմանը և անմիջական կապերի խթանմանը:

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքմենստանը պատրաստակամություն են հայտնում համատեղ մշակելու ծրագրեր տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում, հանդես են գալիս երկու պետությունների միջև կանոնավոր ուղիղ օդային հաղորդակցություն հաստատելու օգտին:

Նախագահները ընդգծել են հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համապատասխան ազգային մասերի առջև դրված խնդիրների կատարման կարևորությունը։ Նրանք հանդես են եկել հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման օգտին՝ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում գործունեությունն ընդլայնելու նպատակով։ Նշված ուղղություններով նախաձեռնություններն իրականացնելու նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն 2018 թվականի առաջին կիսամյակում Աշխաբադում Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստն անցկացնելու վերաբերյալ։

Կողմերը համոզված են, որ զբոսաշրջությունը հանդիսանում է փոխճանաչումը, ինչպես նաև երկու երկրների միջև մշակութային, տնտեսական և հումանիտար համագործակցությունը խթանող կարևոր միջոց և համաձայն են մշակել այդ բնագավառում երկկողմ փոխգործակցության ակտիվացման ուղիներ և ուսումնասիրել զբոսաշրջիկների և գործարարների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունները՝ հատկապես քաղաքացիների զբոսաշրջիկային և գործնական նպատակներով այցելությունները կարգավորող նորմատիվ-իրավական հենքի կատարելագործման մասով։

Պետությունների ղեկավարներն ընդգծեցին փոխադարձ շահագրգռվածությունը՝ հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացման, արվեստի և մշակույթի գործիչների և կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների, առողջապահական, ուսումնական հաստատությունների և մշակութահումանիտար ոլորտի այլ կազմակերպությունների միջև ուղիղ շփումների ընդլայնման հարցում։

Կողմերն արտահայտվեցին մշակույթի ոլորտում գործնական երկխոսության ակտիվացմանն ուղղված ծրագրերի օգտին, այդ թվում Թուրքմենստանում հայկական և համապատասխանաբար Հայաստանի տարածքում թուրքմենական պատմական ժառանգության պահպանման մասով։

Նախագահները պատրաստակամություն հայտնեցին Հայաստանի Հանրապետությունում և Թուրքմենստանում փոխադարձաբար անցկացնելու ազգային ցուցահանդեսներ, գործարար համաժողովներ և այլ միջոցառումներ՝ երկու պետությունների գործարար շրջանակների մասնակցությամբ։

Պետությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին այցի ընթացքում մի շարք փաստաթղթերի ստորագրման կապակցությամբ, որոնք կոչված են նպաստելու հայ-թուրքմենական հարաբերությունների իրավապայմանագրային հենքի ամրապնդմանը։ Ընդունելով դրա հետագա ընդլայնման կարևորությունը՝ համապատասխան նախարարություններին և գերատեսչություններին հանձնարարվել է աշխուժացնել տարբեր ոլորտներում համագործակցության կոնկրետ քայլերին նոր խթան հաղորդելուն միտված երկկողմ համաձայնագրերի և պայմանագրերի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Կողմերը պայմանավորվեցին տարբեր մակարդակներում պահպանել մշտական շփումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերում՝ խթանելու համար փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ Հայաստանի և Թուրքմենստանի ժողովուրդների։

Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երախտագիտություն հայտնեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, ողջ հայ ժողովրդին՝ իրեն և թուրքմենական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ, բարեկամական ընդունելության և հյուրընկալության համար և հրավիրեց Հայաստանի Հանրապետության Նախագահին նրան հարմար ժամանակ պաշտոնական այց կատարել Թուրքմենստան։

Հրավերն ընդունվեց երախտագիտությամբ։ Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով։

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ

Թուրքմենստանի Նախագահ

Գուրբանգուլի ԲԵՐԴԻՄՈՒՀԱՄԵԴՈՎ

ք. Երևան, 24-ը օգոստոսի 2017 թվական