«Համարյա անհնար է «կիսաբաց լուսամուտներ»-ի անձնուրաց լսարանին համոզել, որ 10.000 դրամը ձեր զավակների գլխագինն է». Լևոն Բարսեղյանը պատասխանում է Ժ. Սեֆիլյանի նամակին

Ինչպես արդեն նշել էինք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի վարույթի ընդմիջման ժամանակ, «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը լրագրողներին ներկայացրեց Ժիրայր Սեֆիլյանի դիմումը, որն ուղղված է 31 հասարակական և քաղաքական  գործիչներին:

Այսօր այդ նամակ-դիմումին պատասխանեց «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ում անունը ևս հիշատակել էր Սեֆիլյանը:

«Ինձ թվում է, որ ամբողջությամբ հասկանում եմ Ժիրայրի մտահոգություններն ու առաջարկած ճանապարհը: Կարծում եմ երկիր փրկելու իր առաջարկած ալգորիթմը նոր չէ, նախկինում, անցած 5-6 տարիներին, իր եւ ընկերների հետ մի քանի առիթ եղել է երկիրը փոսից դուրս քաշելու մասին քննարկումներ ունենալու: Ճանապարհը չի երեւացել: Գոնե ինձ չի երեւացել, կամ չի երեւացել այնպես, ինչպես շատ ուրիշ գործերի ձեռնամուխ լինելիս է երեւում: Կար համոզմունք, թե որեւէ ապստամբություն ոտքի կհանի ժողովրդին: Ես կասկածել եմ այդսցենարին: Ինչ ասել է «ապստամբություն», «ոտքի հանել» եւ «ժողովուրդ»՝ երկար պատմություն է:

Սա շատ ծանր մտածմունքի առարկա է ինձ համար երեւի արդեն 20 տարի, մի բան էլ ավել: Երկրի զավթումը, կամ այն, ինչ արդեն կարող էինք երկիր համարել, 1995-96-ի ընտրությունների զավթմամբ է սկիզբ առել: Նպատակս «քաջերին» անվանական հիշելը չէ: Ստացվեց այնպես, որ մենք անկախության համը դեռ չտեսած, պետականություն դեռ չկերտած, ազատությունները դեռ չվայելած, ժողովրդավարությունը դեռ չհասկացած, հայտնվեցինք մի դրության մեջ, երբ մուրազներին չհասած սովետիկուսները սկսեցին ետ բերել իրենց երազածը՝ գաղութը, կամ մեծ ախպոր ծոցում ապրելը, գոյապահպանությունը որպես գոյության եզակի եղանակ լինելու կեղծ վարդապետությունը: Սրա հետ մեկտեղ ստացվեց այնպես, որ իշխանություն ունեցողները սկսեցին համարել, որ իրենք ավելի լավ գիտեն իշխանություն չունեցողների լավը ու նրանց կարծիքը կարեւոր չէ ընդհանրապես: Այդ զավթումը քանի գնաց խորացավ, իշխանության հաստատությունները զավթելուց հետո զավթեցին տնտեսությունը, մեծ լսարաններով զանգվածային լրատվամիջոցները, մշակույթի բազմաթիվ ոլորտներ, նաեւ, իհարկե զանգվածային մտածողությունը: Առանց այս վերջինի նախորդները համարյա ինքնանպատակ կլինեին երեւի: Այս ամենի արդյունքում գաղութացման քաղաքականությունը ահագին հաջողվեց, հնարավոր է, որ վերոհիշյալ շարքը գաղութացման բաղադրիչ էր: Հասան մի այնպիսի դրության, երբ քաղաքացիներից այնքան «ընտրիչ» կերտեցին, որ ընտրական ֆորմալ մեխանիզմներով կարողանան հայտարարել, որ իրենց «ընտրել» են: Եթե ոչ այդպես, ապա ինչպես պատահեց, որ մտավորականները, որ ասենք, թե դպրոցների տնօրեններ են, սկսեցին կռապաշտական բաներ անել՝ ցուցարարներ գնդակահարելով նախագահ դարձած մարդու նկարները կախել կրթօջախների պատերից ու այդ իրավիճակում մարդու իրավունք դասավանդել: Այդ ինչպես եղավ, որ դպրոցների տնօրեններին դադարեցին մտավորական համարել նույնիսկ իրենց ընտանիքների անդամները:

Էվոլյուցիոնիստական եւ հեղափոխական լուծումների շուրջ իմ ու ընկերներիս եւ ընդդիմախոսներիս վեճերը դեռ որեւէ տեղ չեն հասել: Չկա առայժմ մի ուրվագիծ: Մի մոդելը, որ մեր էվոլյուցիոնիստական հիպոթեզների բյուրեղացում կարող եմ կոչել, ազատության կղզիների ձեւավորումն ու զարգացումն է այս ճահճի մեջ, երբ հնարավոր է լինում անկախ, ազատ տիրույթներ (մարդկանց խմբեր, համայնք, կազմակերպություն, ԶԼՄ, ձեռնարկատիրություն եւ այլն) քիչ-քիչ ձեւավորել, հզորացնել, մեծացնել, դրանք սկսեն կապվել իրար, ցանցի պես մի բանի վերաճեն, եւ ճահիճն այդպիսով ցեցոտի, վերածվի կղզիների, ապա վերանա: Ես օրինակ ջանք չեմ խնայել մարդկանց իրազեկելու, ուսուցանելու, չարաշահումները բացահայտելու, կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու, Հայաստանի մարզերում երիտասարդությանը հոզարացնելու եւ էլի մի քանի բաների համար, որպես էվոլյուցիոնիստական սցենարների իրականացում: Բայց դա կաթիլ է պետության զավթիչների նվաճումների համեմատ, երբ մեր դեմ մեր բյուջետային միջոցներն են հանում, ջահելությանը փչացնում ու ուղարկում են ընտրակեղծարարության: Այդ իրավիճակում բազմիցս մտածել եմ թարկել էս մաղով ջուր կրելը, մի թվանք առնել, ելնել սարերը, գոնե մեկ-մեկ որսագող կամ հանքահեն կգնդակահարեմ … պատահական: Բայց մտածել եմ, որ արժե անել այն, ինչ կարող եմ, ինչքան էլ քիչ լինի: Ու դժգոհ եմ ինձնից, ռեժիմը մնում է ինձ էն բանից անող: Ձեզ էլ՝ վայթե: Թուլանալ ու հաճույք ստանալ չեմ կարողանում, թե չէ վաղուց նախարար կլինեի:

Մյուսը շատերին ավելի հասկանալի, եւ, մանավանդ, կարճ է թվում՝ հեղափոխությունն է ստերեոտիպային ընկալմամբ, զրահագնացքից սկսած, մահաբեր պատժիչ գործողություններով, գնդակահարություններով, սեռավարակներով ու կենսաբանական զենքերով, զավթիչներից իշխանության զավթմամբ, նախորդ զավթիչների պատժմամբ եւ/կամ պատասխանատվությամբ եւ/կամ վրիժառությամբ, իշխանության փոխանցմամբ ազատ եւ արդար համարվող մի մեխանիզմով, լինի ընտրական կամ այլ: Կարծելով, որ հասկանալի են ասածս այս երկու մոդելները, օրինակներով չեմ ուզում դրանք ամրապնդել:

Երկուսն էլ իդեալիստական-ռոմանտիկ բաներ են: Բազմաթիվ ներքին եւ արտաքին գործոններ, օբյեկտիվ, սուբյեկտիվ եւ նույնիսկ միստիկ հանգամանքներ վերոհիշյալ եղանակները փոփոխում են, կամ կփոփոխեն ու դրանց մուտացիաները պիտի հաշվի առնել որպես բնական զարգացում: Իսկ հնարավո՞ր է՝ կա ինչ-որ մի երրորդ եղանակ, չորրորդ, հինգերերորդ, որ չենք կռահում դեռ, չի երեւում դեռ: Գուցե ճանապարհը, որ հաստատապես ներսից է, ինչպես ասում էր Մեծը, այս երկուսի ինչ-որ մի սինթեզն է, համաձուլվածքը, հայտնի եւ դեռ հայտնագործելիք եղանակներով: Ասենք թե՝ դատապարտված ենք գտնել մի էվոլյուցիանիստական հեղափոխություն կամ հեղափոխական էվոլյուցիա, ինչ-որ մի մոդել դիցուկ այսուայս հատկանիշներով երկրում: Ինչ հատկանիշներո՞վ, ներողություն: Մեկը մեր հասարակության ուժեղ եւ թույլ կողմերի, ռիսկերի եւ հնարավորությունների, մեր որակների եւ կարողությունների, իմաստնության եւ անմեղսունակության, անհատական եւ հավաքական հատկանիշների մասին վերլուծություն կատարե՞ց: Հասկացա՞վ՝ մենք 500 կիլանոց ծանրաձող բարձրացնող ե՞նք, որ ուզում ենք մտնել դրա տակ, կամ գուցե ծանրաձողը չէ՞ մեր բանը, այլ մանրաքանդա՞կը: Կա՞ նման մի հետազոտություն, բազմակողմանի, բոլոր հնարավոր բովանդակություններով իրար հակադիր մարդկանց ու խմբերի, գաղափարներ կրողների եւ անգաղափարների համախումբ ու տքնաջան վերլուծություն եղա՞վ, ունե՞նք, չունենք դեռ կարծում եմ: Ժիրայրի նամակից հետո մի քանի անգամ արդեն նկատեցի «իսկ տեղյա՞կ եք Հայաստանը/մարդիկ/ժողովուրդը ուզու՞մ է, որ դուք փրկեք իրենց»: Գուցե արդեն ո՞ւշ է, իսկապես, հը՞:

Իրավիճակն ինձ համոզել է, որ մենք՝ այսպես կամ մոտավորապես այսպես մտածողներս, փոքրամասնություն ենք: Ես երբեք փոքրամասնություն լինելուց չեմ նեղվել կամ ահաբեկվել, բայց հաճախ վախենում եմ փոքրամասնությունների այն համոզմունքից, թե իրենք մեծամասնություն են: Երեւի բորբոսը հենց արեւի պակասից է զարգանում, այդպես իրենց գրասենյակային կամ ծխարանային փչակներում նստած, ամեն ինչ իմացողները լեզուներին տալով փրկում են երկիրն ու չի փրկվում անտերը: Երկիր փրկելու գործ նախաձեռնելիս բարեխիղճ քարտեզագրում ու գույքագրում է պահանջվում, չի կարելի երկու լիտր բենզինով օվկիանոսը կտրել, կքաշվենք (գուցե ձեւ կա, այնուամենայնիվ, ու գտնել է հարկավոր): Կարծում եմ համարյա անհնար է «կիսաբաց լուսամուտներ»-ի անձնուրաց լսարանին համոզել, որ 10.000 դրամը ձեր զավակների գլխագինն է, քայքայվեցինք համոզելով, մարդն ասում է, թողե~ք՝ ոչխարը սարն է անցնում …Էդ «համարյան» ինձ հույս է տալիս: Կա՞ ձեւ:

Ինչ-որ մեկը կասի, որ ես Ժիրայրի առաջարկից թռնելու համար ուղղակի լեզվիս եմ տալիս: Բայց այդպես չէ, ես կարող էի երեք պարբերությամբ բացատրել մի քանի սոցիալ-հասարակական-անձնական հանգամանք ու ասել շնորհակալություն եւ ներողություն: Բայց ես որոշեցի հերթական անգամ կիսվել այն ամենահիմնական հարցով, որ տանջում է բոլորիս ու Ժիրայրին ու շատերին, որ գաղթական են դառել: Եւ գրեթե նոր բան չեմ ասում, այն ինչ շարադրեցի, բազմիցս տարբեր հատվածներով տարբեր առիթներով արտահայտվել եմ: Ժիրայրի ճիչը ինձ եւ շատերին ստիպում է մտածել, գլուխ գլխի տալ, տառապել, երկնել, մտածել ու արարել այն ճանապարհային քարտեզը, որ կհանի մեզ այս ճահճից: Ինչքան ուշ գտնենք այդ ճանապարհը այնքան ուշանալու ենք մեր հայրենիքից, տանելու են այն մեր ոտքերի տակից, ախտանշաններն անթիվ են: Համարեք, որ ես էլ եմ այս ահաբեկչական ռեժիմի կալանավոր, ու ես էլ եմ ստորագրում Ժիրայրի նամակի տակ, համարեք, որ երկուսով ենք գրել, երեւի բազմաթիվ այլ քաղաքական բանտարկյալներ նույնպես կստորագրեին: Իսկ դուք կստարագրեի՞ք:

Մտքի կատարսիսի եւ կամքի ապոթեոզի կարիք կա, ես այդպես եմ զգում: Ինչ-որ եղանակ պիտի գտնել ու հանրային մտագրոհ/ֆորում ունենալ: Վերջը սահմանենք՝ ուր է հասել Հայաստանի երրորդ հանրապետությունը, հիվանդ է՞, թե՞ մեզ է թվում, բուժումն ինչ է, բալասանն ինչ է, ինչ սարքուսուրք է պետք, թե՞ անբուժելի է, հարկավոր է վերջ տալ տանջանքներին ու 4-րդը հիմնել, եւ՝ ինչպես: Ո՞րն է մեր պետության բարեկեցության ճանապարհը. կարո՞ղ է այս արտաքին մարտահրավերներով, այս աշխարհաքաղաքական իրավիճակում, այս մենթապետական ապարատով, այս հարստությամբ օլիգարխիայով, այս ահաբեկվածությամբ, փախուստի եւ փրկության յոթմիլիոնանոց ճանապարհներով, ընթացիկ տարհանման տեմպերով, այս քանակի սոված քուն մտնող ընտանիքներով, երանությամբ մոլեգնող կղեարկանությամբ, անեծքով ու անիծված իրավիճակից ելք լինել, թե՞ դուռ ենք՝ ճռռում ենք: Կարծում եմ մի ճանապարհ պիտի որ լինի, ինչքան էլ անհուսալի թվա: Հակառակը՝ շենքի բակում փոս փորել, մեջը մտնելն է, ոնց էլ լինի՝ քամին հողը վրեքս կտա, չտա էլ: Ինչո՞ւ է ինձ թվում, թե դեռ անելիք ունենք, որ հնարավոր է վերագործարկել մեր կամքը, այն դարձնել պոետի երազած, կամ ավելի ճիշտ համոզված հավաքականը եւ փոխել վիճակն ու դրությունը: Ես երկար տարիներ չեմ կարողանում հավատալ, որ զավթարարները, պետական ահաբեկիչները, թալանչիներն ու խոշտանգիչներն իրենց հավաքական խելքով իրենց զոհերի հավաքական խելքից զորավոր են: Երեւի իսկապես հավատալու բան չէ, բայց բանն այն է, որ մյուսներն այդպես էլ հավաքական չեն դառնում: Բայց խոստովանենք, որ այս էլ է ռեժիմի նվաճումներից. քրեստոմատի՛կ, գրողը տանի, դասագրքայի՛ն:

Մի քանի մանրուքի մասին.

Ժիրայրի բաց նամակի անվանացանկի կամ դրանում ցանկալի եւ բացակա անձանց վրա կենտրոնանալ չարժե, դրա վրա կենտրոնացողները ամենայն հավանականությամբ չեն ընկալել խնդիրը, եթե դիտավոր չեն, հարկավ: Մոռացեք եւ վերացեք այն հանգամանքից, թե ահազանգողն ով է, եւ ում է նշում: Հարցրեք ինքներդ ձեզ, սա կեղծ ահազանգ է՞ թե՞ իրական, սա էն վախկոտ հովիվն է՞ սարերում, որ ահից գեղացոնց է կանչում, թե «գելը վրա է տվել», թե՞ ուղղակի շատերից վաղ է լսել ոհմակի ոռնոցը: Լսեք, կարո՞ղ է իսկապես անպես վատ չէ երկրի դրությունը ու չափազանցնում ենք խիստ:

Ինչ էլ լինի, ինչ ժողով էլ լինի, որքան էլ լինեն, ինչ ձեւաչափերով էլ լինեն, ես բաց եմ պատկերացնում դրանք: Ոչ միայն այն պատճառով, որ ռեժիմի շները (որ պարադոքսալ կերպով նաեւ մեր արյունակիցներն են, մեղայասսու) մեր բոլորի հեռախոսներում են եւ սեղանների տակ են ապրում, այլեւ այն պատճառով, որ Ժիրայրի ահազանգը վերաբերվում է բոլոր նրանց, ով կհամարի, որ այն իրենն է: Բացություն ու թափանցիկությունը ստիպում են անխոցելի լինել:

Ես որեւէ հերարխիա չեմ պատկերացնում այդ ժողով/համաժողով/մտագրոհների եւ հարակից բաների կառավարման գործերում, առաջիկա գործերը ես համարում եմ վերլուծության եւ պլանավորման փուլեր: Այդ փուլերում կարող են լինել միայն կազմակերպչական ջանքեր: Հետո, երբ գա ըստ ծրագրերի իրականացման փուլը, կերեւա:

Ժիրայրի նամակի հանգույն կամ այդ նամակից անկախ, երբ, ինչ ձեւաչափով հարմար կհամարեք իմ մասնակցության՝ իմաց տվեք, կհարմարվեմ, համարյա ինչպես միշտ:

Խնդրում եմ այս արձագանքը հասցնել նաեւ ժիրայրին ու մյուս քաղաքական բանտարկյալներին: Մյուս 5000 ազատազրկվածներին էլ չէր խանգարի իմանալ, զի մենք էլ մեր պատիժն ենք կրում այստեղ:

Լեւոն Բարսեղյան»: