Համագյուղացուն ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 32-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել նույն մարզի մեկ այլ բնակչի:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, խոտհարքը հնձելու շուրջ վիճաբանություն է առաջացել համագյուղացիների միջև, որի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը փայտով հարվածել է համագյուղացի 32-ամյա տղամարդու գլխին՝ դիտավորությամբ առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ գանգաթաղի աջից գագաթա-քունքային շրջանի գծային կոտրվածք, սալջարդեր։ 


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վորչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: