Կստեղծվեն անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ. օրենքի նախագիծ

parliament-AJՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 13-ին շրջանառության մեջ են դրվել «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի նախագիծը և համապատասխան օրենսդրական փոփոխություններ նախատեսող՝ մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր: Նախագծերի հեղինակը ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն է:

Մասնավորապես, համաձայն «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքի ներկայացված հիմնավորման՝  սույն օրենսդրական նախաձեռնության նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետությունում էնդաումենթի («Endowment Fund») ձևավորման, համալրման և կառավարման կարգը, ինչպես նաև էնդաումենթին առնչվող համապատասխան իրավական կարգավորումները: 

Էնդաումենթի գործունեության համաշխարհային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք զգալի դեր ունեն կրթության, գիտության, նորարարության, առողջապահության, մշակույթի, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, սոցիալական օգնության (աջակցության), բնապահպանության, ինչպես նաև այլ հանրօգուտ բնագավառների ոչ առեւտրային կազմակերպություններին անհրաժեշտ ներդրումների, բարեգործությունների, նվիրատվությունների, նվիրաբերությունների և անհատույց այլ միջոցների ներգրավման հարցում:

«Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծով  նախատեսվում է սահմանել անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի (ԱԿՀ) իրավական վիճակի առանձնահատկությունները, անձեռնմխելի կապիտալի կառավարման եւ դրանից ստացվող եկամտի տնօրինման կարգն ու պայմանները,  ինչպես նաեւ ԱԿՀ-ի գործուենության կարգավորման համար անհրաժեշտ այլ դրույթներ: Նախագիծը մշակվել է հաշվի առնելով Էնդաումենթների գործունեության միջազգային փորձը, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության առանձնահատկությունները: Նախագծի հիմքում որեւէ երկրի օրենսդրական ակտ չի դրվել:

Նախագծում ամրագրված են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների սահմանումները, մասնավորապես՝

1) «անձեռնմխելի կապիտալ» հասկացության սահմանումը, ըստ որի՝ անձեռնմխելի կապիտալը նվիրատուների տրամադրած միջոցներից ձեւավորված անձեռնմխելի կապիտալով հիմնադրամի ակտիվների համախումբ է, որը չի կարող ծախսվել կամ որեւէ կերպ օտարվել՝ հանգեցնելով դրա արժեքի նվազմանը: Բացի այդ, Նախագծով սահմանված է, որ անձեռնմխելի կապիտալի կառավարման արդյունքում ստացված եկամուտը, անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրին համապատասխան, տրամադրվում է շահառուներին, իսկ դրա սահմանափակ մասն էլ (մինչեւ 10 տոկոսը) կարող է օգտագործվել ԱԿՀ վարչակառավարչական ծախսերի ֆինանսավորման նպատակով: Ըստ այդմ, Նախագծով սահմանվել է անձեռնմխելի կապիտալի տարեկան ծրագրի բովանդակությունն ու հաստատման (փոփոխման) կարգը, համաձայն որի՝ անձեռնմխելի կապիտալի ծրագիրը Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված որոշակի հանրօգուտ նպատակների եւ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների համախումբ է, որը հաստատում եւ փոփոխության է ենթարկում ԱԿՀ հոգաբարձուների խորհուրդը:

2) «նվիրատու» հասկացության սահմանումը, ըստ որի` նվիրատուն անձեռնմխելի կապիտալի ձեւավորման կամ համալրման նպատակով՝ նվիրատվությամբ կամ կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակով ԱԿՀ-ին անհատույց դրամական (այդ թվում՝ արտարժութային) միջոցներ եւ (կամ) պարտատոմսեր տրամադրած անձն է: Այս սահմանմամբ, ինչպես նաեւ Նախագծի այլ դրույթներով ամրագրվում է, որ անձեռնմխելի կապիտալի ձեւավորման աղբյուրներ կարող են լինել միայն նվիրատվությունները եւ կտակային հանձնարարությամբ չծանրաբեռնված կտակները, որոնցով կարող են տրամադրվել միայն դրամական միջոցներ կամ պետական պարտատոմսեր: Ըստ այդմ, անհատույց կարգով տրամադրվող այլ միջոցները՝ նվիրաբերությունները եւ կտակային հանձնարարությամբ ծանրաբեռնված կտակները չեն ներառվել անձեռնմխելի կապիտալի ձեւավորման աղբյուրների շրջանակում, քանի որ ՀՀ օրենսդրությանը համապատասխան դրանք կարող են ունենալ նվիրաբերողի կամ կտակարարի սահմանած տարբեր նպատակներ (նշանակություն), իսկ տվյալ դեպքում անձեռնմխելի կապիտալում կուտակված միջոցների օգտագործման նպատակը մեկն է՝ այդ միջոցներից ստացված եկամուտն օգտագործել ԱԿՀ  կանոնադրությամբ նախատեսված հանրօգուտ նպատակներով եւ շահառուների համար, որոնք փոփոխության ենթակա չեն: Ուստի, երբ նվիրատուն՝ նվիրատվության պայմանագրով կամ կտակարարարը՝ կտակով ԱԿՀ-ին միջոցներ է տրամադրում, այդ միջոցներն օգտագործվում են նրան նախապես հայտնի շահառուների համար եւ անփոփոխ նպատակներով:

ԱԿՀ-ին միջոցների տրամադրումը խրախուսելու նպատակով Նախագծով սահմանվել է, որ ԱԿՀ-ը եւ անձեռնմխելի կապիտալի ձեւավորման (համալրման) նպատակով գույք տրամադրած անձինք օգտվում են օրենքով սահմանված հարկային եւ այլ արտոնություններից: Այդ արտոնությունները սահմանված են օրենսդրական նախաձեռնության փաթեթում ներառված՝

  • «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, ըստ որի՝ ավելացված արժեքի հարկով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում) անձեռնմեխելի կապիտալի ձեւավորման եւ (կամ) համալրման նպատակով ԱԿՀ-ին դրամական (այդ թվում` արտարժութային) միջոցների եւ պետական պարտատոմսերի փոխանցումը (տրամադրումը), ինչպես նաեւ անձեռնմեխելի կապիտալի կառավարումից եկամտի ստացումը:
  • «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծում, ըստ որի՝ հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է ԱԿՀ-ին փոխանցված (տրամադրված) դրամական (այդ թվում` արտարժութային) միջոցների եւ պետական պարտատոմսերի արժեքի չափով, ինչպես նաեւ անձեռնմեխելի կապիտալի կառավարումից ստացված չափով:
  • «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծում, ըստ որի՝ անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների կողմից ստացված գույքը եւ դրամական միջոցները ստացողների համար համարվում են նվազեցվող եկամուտներ եւ հանվում են համախառն եկամտից` եկամտային հարկի հաշվարկման ժամանակ:

Նախատեսվող հարկային արտոնությունները էապես կխթանեն ոչ միայն ԱԿՀ-ների ստեղծումը եւ դրանց գործունեությունը, այլեւ հստակ ազդակներ են պարունակում պոտենցիալ այն նվիրատուների համար, որոնք շահագրգռված են ՀՀ-ում իրենց միջոցները հանրօգուտ նպատակների ծառայեցնելու առումով, սակայն օրենսդրական դաշտի անորոշությունների պայմաններում դեռեւս ձեռնպահ են մնում գործնական քայլեր իրականացնելուց:

Բացի վերը նշվածներից, օրենսդրական նախաձեռնության փաթեթում ներառված են նաեւ «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամներ մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ մի շարք այլ օրենքներում լրացումներ եւ (կամ) փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծեր: