Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը չկայացավ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը։

Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը։ Դատարանը փորձեց կապ հաստատել փաստաբանի հետ, վերջինս դատարանին հայտնեց, որ վատառողջ է և գտնվում է հետազոտման մեջ, այդ պատճառով չի կարող այսօրվա դատական նիստին ներկա գտնվել։

Նշենք, որ դատարան չէին բերվել նաև գործով ամբաստանյալները։

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 13-ին, ժամը 14։30-ին։

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Նյութը` Ելենա Արամյանի