Կուրսանտի սպանության մեջ մեղադրվողը պնդում է, որ վկաները կեղծ ցուցմունքեր են տվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում տեղի ունեցավ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում հրապարակվեց Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվողներից՝ Գնել Թևոսյանի նախաքննական ցուցմունքները:

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Գնել Թևոսյանը դատարանում ցուցմունք էր տվել:

Նախաքննական ցուցմունքերում Գնել Թևոսյանը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքերում իրեն մեղավոր չի ճանաչում, Հայկազի մահվան հետ կապ չունի և տեղյակ չէ, թե Հայկազն ինչից է մահացել: Հարցաքննության ընթացքում ամբաստանյալը քննիչին հայտնել է, որ դեպքի օրը ինքը քուն հրամանից հետո պառկել է քնելու և արթնացել է միայն առավոտյան 06.30-ին, որից հետո նոր իմացել է, որ Հայկազը չկա, այնուհետև հայտնաբերվել է կախված վիճակում: Քննիչի այն հարցին, թե ի՞նչ կասի փորձաքննության արդյունքերին՝ ալկոհոլ օգտագործելու վերաբերյալ, ամբաստանյալը հայտնել է, որ ալկոհոլ չի օգտագործել: Անդրադառնալով իր հաճախակի բացակայություններին՝ Գնել Թևոսյանը հայտնել է, որ ինքը հաճախակի չի բացակայել, իսկ բացակայելու ժամանակ ունեցել է արձակման թերթիկ:

Դատավարության ընթացքում հրապարակվեցին նաև Գնել Թևոսյանի և գործով մյուս վկաների առերես հարցաքննությունները: Մասնավորապես՝ Գևորգ Վարդանյանի հետ առերեսման ժամանակ Թևոսյանը հարցրել է, թե ինչո՞ւ ձայն չի հանել, երբ ինքը մտել է սենյակ և հայհոյել է, ինչին ի պատասխան Վարդանյանն ասել է, որ գուցե հատուկ է հայհոյել, որպեսզի տեսնի, թե ով է արթուն և վնաս տա: Գնել Թևոսյանն էլ նշել է, որ Վարդանյանը ստորաբար ստում է:

Նախաքննական ցուցմունքերի հրապարակումից հետո ամբաստանյալը հայտնեց, որ ցուցմունքները գրել է իր կամքով և ոչ մի հակասություն չի տեսնում նախաքննական և դատաքննական ցուցմունքերի միջև, պարզապես դատարանում տված ցուցմունքի ժամանակ ավելի մանրամասն է խոսել: Վերջինս իր խոսքում ավելացրեց, որ դեպքի օրը՝ Հայկազին գտնելու ժամանակ,  ինքը ֆիզհրապարակ չի գնացել:

Դատավոր Դավիթ Հարությունյանի այն հարցին, թե ինչո՞ւ են վկաներն իրեն զրպարտում, եթե ինքը ոչ մի բանից տեղյակ չի եղել, ամբաստանյալը հայտնեց, որ չի կարող ասել, բայց կարծում է, որ նրանց վրա ուժ են գործադրել և ինչ ասել են՝ այդպես էլ գրել են, իսկ դատարանում պնդել են նակինում տված ցուցմունքները, որպեսզի սուտ ցուցմունքներ տալու համար չդատվեն:

«Ամեն մեկը մի դրդվածությամբ գրել է: Ես 8 ամիս ծառայել եմ այդտեղ և 8 ամսվա ընթացքում բոլորի հետ ունեցել եմ նորմալ հարաբերություններ: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, մնացածը շինծու է հարգելի դատավոր»,- իր խոսքում ասաց Գնել Թևոսյանը:

Տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանն էլ փորձեց իմանալ, արդյո՞ք քննիչների հետ ունեցել է որևէ թշնամական հարաբերություններ, ամբաստանյալն ասաց, որ, չի ցանկանում պատասխանել այդ հարցին, քանի որ նախորդ անգամ ինքը պատասխանել է բոլոր հարցերին, իսկ Արկադի Բարսեղյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների մոտ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր ծնողների հասցեին:

Տուժողի իրավահաջորդ Բարսեղյանն էլ հայտնեց, որ նման բան չի եղել. «Ստում է ինքը և բոլորին ստախոս է անվանում»:

Նշենք, որ այսօր պետք է ցուցմունք տային գործով մյուս ամբաստանյալները, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանը չէր եկել դատարան, իսկ նախորդ նիստի ժամանակ խնդրել էր դատարանին իր բացակայության ժամանակ չհարցաքննել մյուս ամբաստանյալներին:

Դատավորը որոշեց նիստը հետաձգել մինչև հաջորդ երկուշաբթի:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: