Կուրսանտի սպանության գործով դատական նիստը մեկ ամսով հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր Մովսես Ազարյանի պաշտպան չունենալու պատճառով՝ փաստաբանը դատարանին գրությամբ տեղյակ էր պահել, որ հրաժարվում է Մովսես Ազարյանի պաշտպանությունից, արդյունքում դատարանը որոշում կայացրեց գործի մեջ հանրային պաշտպան ներգրավել:

Հանրային պաշտպան Անժելա Պողոսյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար.

«Քանի, որ գործի նյութերին ծանոթ չեմ և այն ծավալով մեծ է՝ կխնդրեի ինձ 2 ամիս ժամանակ տրամադրել»,- ասաց հանրային պաշտպանը, սակայն մեղադրող կողմը խնդրեց կրճատել ժամկետը և հաշվի առնել այն փաստը, որ գործը շուրջ երեք տարի է ինչ քննվում է: Մեղադրող կողմի հետ համաջայնեց նաև տուժողի իրավահաջորդ պաշտպան Անի Թորոսյանը, արդյունքում դատարանը որոշում կայացրեց գործի նյութերին ծանոթանալու համար  Անժելա Պողոսյանին տրամադրել 1 ամիս ժամանակ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստսոսի 20-ին:

Նշենք, որ սույն քրեական գործով ցուցմունք են տվել ամբաստանյալներ Գնել Թևոսյանն ու Վաչե Սահակյանը, վերջիններս չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը և դատարանում հայտնել են, որ իրենց և գործով վկաների նկատմամբ Ռազմական ոստիկանությունը ճնշումներ է իրականացրել: Գործով մյուս ամբաստանյալներ Նորիկ Սահակյանն ու Վարազդատ Սաֆարյանըն էլ հրաժարվել են ցուցմունք տալուց: Առաջիկայում ցուցմունք պետք է տա Մովսես Ազարյանը:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: