«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց. ձերբակալվել են Երևանի բնակիչներ

Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:

Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանկովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է:

Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց մայրաքաղաքի Չեխովի փողոցից:
Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիր մարզի Մրգաշատ գյուղից:

Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:

Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվեցին նաև Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից:

Աշոտ Մանուկյանը ևս ձերբակալվեց:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքնության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանկովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Պյոտր Ցիգանկովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է:

Մանրամասները տեսանյութում՝