Կոլումբիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հոկտեմբերի 2-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ալֆոնսո Լոպեզ Կաբալլերոյին` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ որպես Հայաստանում Կոլումբիայի առաջին դեսպան նա իր ներդրումը կունենա հայ-կոլումբիական հարաբերությունների առավել զարգացման գործում:

Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների կողմից դեսպանների հավատարմագրումը լավ հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա ներուժը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կոլումբիայի դեսպանը նշեց, որ որպես առաջին դեսպան իր առավելագույն ջանքերը կներդնի իր առաքելության ընթացքում՝ հայ-կոլումբիական հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր` միջազգային կառույցներում համագործակցության խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական շփումների հաստատման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, առևտրատնտեսական և մշակութային կապերի ակտիվացման վերաբերյալ: