Կմշակվեն շինարարական աշխատանքներն ըստ եղանակային պայմանների կազմակերպելու նորմատիվային պահանջներ

Ըստ եղանակային պայմանների շինարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ գործադիրի ղեկավարը նշել է. «Տեղական ինքնակառավարման մարմինները, հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվությունների տրամադրման կամ մերժման հարցը։ Արդյունքում, հատկապես հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությանը, ձմեռային պայմաններում հաճախ զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ վերջիններիս որպես կանոն չի տրամադրվում համապատասխան թույլտվություն: Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է շինարարական աշխատանքներն ըստ եղանակային պայմանների ներկայացվող նորմատիվային պահանջների և հստակ պայմանների բացակայությամբ»։
Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 40 օրում մշակել և հաստատել շինարարական աշխատանքներն ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների և պայմանների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին էլ հանձնարարվել է ուսումնասիրել և ըստ անհրաժեշտության ևս ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ շինարարական աշխատանքների կատարման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան թույլտվությունների տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և բացառապես եղանակային պայմաններից ելնելով մերժման դեպքերը բացառելու նպատակով: «Վերջերս հանդիպել ենք ենթակառուցվածքների ղեկավարների հետ: Նրանք ասում են, որ ձմեռը թույլտվություններ չենք տրամադրում, աշխատանքները կուտակվում են և այլն: Մենք ունենք կարծրատիպ՝ ձմեռը շինարարություն անել չի կարելի: Պետք է ուսումնասիրել հյուսիսային երկրների փորձը, որպեսզի շինարարության տեմպը չգցենք»,-ընդգծել է կառավարության ղեկավարը: