Կհանի Կաբբարան ընդդեմ Կիպրոսի 

Դիմումատուն՝ Հանի Աբդուլ Կհանի Կաբբարան, ազգությամբ կանադացի է, ծնվել է 1984 թվականին և ապրում է Կանադայում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու վերաբերյալ։

2011 թվականի փետրվարի 27-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի բանկերից մեկի մոտակայքում ոստիկանության աշխատակիցները կալանավորել են Դիմումատուին։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ կեղծ վարկային քարտով բանկային հաշվից փող հանելու համար։ Դիմումատուին անմիջապես կալանավորել են և տեղափոխել Կիպրոսի Լիմասոլ քաղաքի ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նույն օրը Լիմասոլ քաղաքի հիվանդանոցներից մեկում բժիշկները հետազոտել են Դիմումատուին և նրա մոտ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են հայտնաբերել:

Դիմումատուն բողոքել է Կիպրոսի ներպետական դատական ատյաններին՝ ոստիկանության կողմից խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ, սակայն Դիմումատուի բողոքը մերժվել է։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում: Վերջինս բողոքել է նախնական կալանավայրում գտնվելու ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու վերաբերյալ։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ Կիպրոսի իշխանությունները պատշաճ կերպով չեն իրականացրել իր գործով հետաքննությունը։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Կիպրոսը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար  Դիմումատուին վճարել 25․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 3000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Նշված գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։