‹‹Կեղծ և շինծու գործարքների հիմքում ընկած է մարդկային պահանջմունքը՝ ստանալ ավելին, քան օրենքն է թույլատրում››. Անի Մութաֆյան

Կեղծ և շինծու գործարքների տարածվածությունը Հայաստանում, որո՞նք են դրանք և ինչպե՞ս խուսափել նման գործարքներից․ այս և այլ հարցերի մասին Legalinfo.am-ը զրուցել է իրավաբան Անի Մութաֆյանի հետ:

-Որո՞նք են կեղծ և շինծու գործարքները: Ո՞րն է դրանց տարբերությունը:

-Կեղծ և շինծու գործարքները ֆիկտիվ գործարքներ են, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված են որպես առոչինչ գործարքներ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով տրված բնորոշման համաձայն` կեղծ գործարքն առերևույթ գործարք  է,  որը կնքվում է առանց տվյալ գործարքից բխող իրավական հետևանքներ  առաջացնելու մտադրության, իսկ շինծու գործարքը կնքվում է մեկ այլ գործարքի քողարկման նպատակով: Այս երկու գործարքների որոշիչ տարբերությունն արտահայտվում է նրանում, որ, եթե կեղծ գործարքի դեպքում կողմերն առհասարակ մտադրություն չունեն միմյանց միջև հարաբերություններում առաջացնելու իրավական հետևանքներ, ապա շինծու գործարքի դեպքում՝ կողմերի նպատակն այլ է: Վերջիններս նպատակ ունեն միմյանց միջև առաջացնելու որոշակի իրավահարաբերություններ, որոնք տարբերվում են իրենց միջև կնքված շինծու գործարքից բխող իրավահարաբերություններից: Շինծու գործարքի դեպքում մենք գործ ունենք 2 երևույթների հետ: Առաջինը՝ շինծու` քողարկող գործարքն է, որից բխող իրավական հետևանքները չեն առաջանում, և երկրորդը՝ քողարկված գործարքն է, որին և կողմերը մտադիր են իրավական ուժ հաղորդել: Օրինակ, դատական պրակտիկայում բավականին հաճախ են հանդիպում շինծու առուվաճառքի պայմանագրեր, որոնցով քողարկվում են փոխառության և գրավի գործարքները:

-Ովքե՞ր են դիմում նման գործարքների կնքմանը, և ի՞նչ նպատակով են դրանք կնքվում:

-Կեղծ և շինծու գործարքների կնքմանը սովորաբար դիմում են քաղաքացիական իրավահարաբերությունների այն սուբյեկտները, որոնք ցանկանում են հասնել որոշակի քողարկված իրավական արդյունքի, որը նրանք չէին ունենա, եթե չդիմեին ֆիկտիվ գործարքների: Այսինքն` նրանց նպատակն է ստանալ որոշակի իրավական առավելություններ, խուսափել որոշակի օրենսդրական արգելքներից, սահմանափակումներից կամ շրջանցել դրանք: Կեղծ գործարքներին, օրինակ,  դիմում են պարտատերերից գույք փախցնելու նպատակով: Դա լինում է այն դեպքերում, երբ առկա է գործարքի առարկա գույքի նկատմամբ արգելանք դնելու, բռնագանձում տարածելու կամ այն բռնագրավելու վտանգ: Ֆիկտիվ գործարքները կնքվում են նաև հարկերից խուսափելու կամ հարկերը կրճատելու, ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը, ընդհանուր սեփականության իրավունքում վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունքը շրջանցելու, պարտքի առկայություն ցույց տալու (օրինակ` ուսման վարձի մասով՝ զեղչ ստանալու համար) և այլ նպատակներով:

-Ո՞ւմ իրավունքներն են սովորաբար խախտվում կեղծ և շինծու գործարքների կնքման հետևանքով:

-Կեղծ և շինծու գործարքների կնքման հետևանքով, որպես կանոն, խախտվում են գործարքի մասնակից չհամարվող երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը: Երրորդ անձինք կարող են լինել և՛ ֆիզիկական անձինք, և՛ իրավաբանական անձինք, և՛ պետությունը, և՛ համայնքները: Սակայն պրակտիկայում հանդիպում են նաև դեպքեր, երբ գործարքի կողմերն են դառնում  իրենց իսկ կնքած գործարքի «զոհը», այսինքն` իրենք կնքում են ֆիկտիվ գործարք՝ որոշակի քողարկված իրավական արդյունքի հասնելու նպատակով, սակայն բավականին հաճախ մյուս կողմը սկսում է շահարկել գործարքը՝ որպես վավեր գործարք: Օրինակ, կողմերը կարող են կնքել կեղծ առուվաճառքի պայմանագիր՝ նպատակ չհետապնդելով գույքն իրականում փոխանցելու: Ֆիկտիվ գնորդը, ով իրականում որևիցե գումար չի վճարել համապատասխան գույքի դիմաց, շահարկում է գործարքի առարկա գույքը որպես սեփական գույք` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի դեպքում անգամ վտարման պահանջ դատարան ներկայացնելով: Երրորդ անձանց իրավունքերի պաշտպանությունն այս գործարքների ժամանակ բավականին թույլ  մակարդակի վրա է գտնվում,  և, հավասար է կողմերի իրավունքներին, ինչը, իմ կարծիքով, արդարացի չէ: Բանն այն է, որ կողմերը՝ իրենց ազատ կամահայտնությամբ,  դիմում են  ֆիկտիվ գործարքների կնքմանը, իսկ, երբ իրենց  այլևս ձեռնտու չէ,  դիմում են դատարան և խնդրում կիրառել անվավերության  հետևանքներ: Մինչդեռ նույն ծավալով իրավունքներից օգտվում են նաև երրորդ անձինք: Կարծում եմ, որ երրորդ անձանց իրավունքների պաշտպանության եղանակները պետք է ընդլայնել, այդ թվում՝ վնասի հատուցման իրավունք նախատեսելով նրանց համար:

-Արդյո՞ք ՀՀ-ում տարածված են կեղծ և շինծու գործարքները և հատկապես ո՞ր ոլորտներում:

– Ինչպես բազմաթիվ այլ երկրներում, այնպես էլ ՀՀ-ում այս գործարքները միշտ եղել են տարածված և ներկայումս էլ բավականին տարածված են: Թերևս այս երևույթի հիմքում ընկած է մարդկային պահանջմունքը՝ ստանալ ավելին, քան օրենքն է թույլատրում: Այս գործարքների տարածվածության ոլորտները տարբեր են, իրենք մեծամասամբ տարածված են քաղաքացիաիրավական հարաբերությունների ոլորտում՝ ինքնին լինելով քաղաքացիաիրավական կատեգորիա, սակայն տարածում ունեն նաև վարչաիրավական և  քրեաիրավական հարաբերություններում: Վարչաիրավական հարաբերություններում իրենց արտահայտությունը գտնում են հարկերից խուսափելու կամ հարկերը կրճատելու նպատակով կնքված լինելու դեպքում։ Այդ պատճառով հարկային իրավունքում մշակվել է անապրանք փաստաթղթի ինստիտուտը, որը հնարավորություն է տալիս ինչ-որ ձևով պայքարել նման գործարքների դեմ: Քրեաիրավական հարաբերություններում էլ բավականին հաճախ օգտագործվում են խարդախության կամ վաշխառության հանցագործությունների կատարման նպատակով:

-Վերջին շրջանում կեղծ և շինծու գործարքների թիվն ավելացե՞լ է, թե՞ նվազել:

– Նշված գործարքներով դատական գործերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալներ չեմ կարող հաղորդել, քանի որ այդպիսիք չեն վարվում: Սակայն, կարող եմ նշել, որ առոչինչ գործարքների անվավերության հետևանքների կիրառման պահանջներով դատարաններում 2014 թվականին քննվել է 129 դատական գործ, 2015 թվականի ընթացքում 103 և 2016 թվականի ընթացքում 129 դատական գործ: Իհարկե, այս վիճակագրական տվյալները ներառում են նաև մյուս առոչինչ  գործարքների վերաբերյալ քննված դատական գործերը:

-Ի՞նչ անել կեղծ և շինծու գործարքներից խուսափելու համար:

-Երրորդ անձանց, որոնք սովորաբար տուժում են նման գործարքների կնքման հետևանքով, խորհուրդ կտամ նախքան կոնտրագենտներին ընտրելը ցուցաբերել պատշաճ շրջահայեցություն, նախապես ճշտել, թե ում հետ են իրենք պայմանագրային հարաբերությունների մեջ մտնում, և ժամանակին հետամուտ լինել իրենց հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելուն: Ինչ վերաբերում է գործարքի կողմերին, միակ խորհուրդս է՝ պարզապես նման գործարքներ չկնքելը, նվազագույնը նրա համար, որ իրենք չդառնան իրենց կնքած գործարքի «զոհը»:

-Ինչպիսի՞ միջոցներով կարելի է պայքարել կեղծ և շինծու գործարքների դեմ:

-Գործնականում կեղծ և շինծու գործարքների դեմ պայքարն իրականացվում է՝ նման գործարքների անվավերության հետևանքների կիրառման պահանջով դատարան դիմելով: Կարծում եմ, նման գործարքների դեմ կարելի է պայքարել նաև ավելի խորքային՝ օրենսդրական մակարդակով, այսինքն` կարելի է նախատեսել մի փոքր ավելի խիստ կանոնակարգումներ, ինչը ներկայումս չունենք:

-Ինչպիսի՞ պատասխանատվություն է նախատեսվում  նման գործարքների կնքման համար:

– Գործող օրենսդրության պայմաններում կեղծ և շինծու գործարքների կնքման  համար քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում պատասխանատվություն, որպես այդպիսին, առկա չէ. այս գործարքների կնքումը հանգեցնում է դրանց առոչնչության: Սակայն վարչաիրավական և քրեաիրավական ոլորտներում, կարելի է նշել, որ համապատասխան պատասխանատվությունը վրա է հասնում: Վարչաիրավական  ոլորտում տուգանք է կիրառվում, եթե ֆիկտիվ գործարքն օգտագործելով ձևակերպված է անապրանք փաստաթուղթ, իսկ վաշխառություն կամ  խարդախություն հանցագործությունների համար, որոնք կարող են միջնորդավորվել ֆիկտիվ գործարքներով,  նախատեսված է քրեական պատասխանատվություն:

-Կանդրադառնա՞ք գործարքը կեղծ կամ շինծու ճանաչելու ընթացակարգին:

-Կեղծ և շինծու գործարքներն առոչինչ գործարքներ են, ինչը նշանակում է, որ այս գործարքներն անվավեր են  անկախ դատարանի կողմից  այդպիսին ճանաչելուց: Նման գործարքների դեմ պայքարելու համար շահագրգիռ անձինք  բավականին հաճախ դատարան են ներկայացնում անվավերության հետևանքների կիրառման պահանջ,  և նշված պահանջի քննության շրջանակներում էլ դատարանը նախքան անվավերության հետևանքների  կիրառումը գործարքը ճանաչում է  կեղծ կամ շինծու: Դատարան դիմելու անհրաժեշտություն առկա է, երբ շահագրգիռ անձը ցանկանում է վերականգնել մինչև գործարքի կնքումը եղած փաստացի և իրավական դրությունը: Բավականին  հաճախ դատարանին դիմելու անհրաժեշտությունն առաջանում է, երբ  շահագրգիռ անձի համար  տվյալ գործարքի  զուտ ֆիկտիվ գոյությունն արդեն իսկ ստեղծում է իրավական անորոշություն, որը պետք է վերացնել  դատական կարգով: