Կացնահարության գործով դատական նիստը չկայացավ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր չկայացավ կնոջը, զոքանչին և աներոջը կացնահարած 32-ամյա Վլադիկ Մարտիրոսյանի գործով դատական նիստը:  

Հիշեցնենք, որ Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախկին կնոջ` Թագուհի Մանսուրյանի, վերջինիս ծնողներ Կարինե և Վաչագան Մանսուրյանների հետ ունենալով անբարյացկամ փոխհարաբերություններ՝ 2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի բակում իր մանկահասակ երեխային տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ վերջիններիս հետ վիճաբանել է: Ապա՝  Թագուհի և Կարինե Մանսուրյանները գնացել են ոստիկանության Շենգավիթի բաժին՝ բողոք ներկայացմնելու: Վլադիմիր Մարտիրոսյանը համոզված լինելով, որ նրանք վերադառնալու են տուն՝ նախապես վերցրած կացնով դարանակալել է հիշյալ շենքի շքամուտքում, երեխային տեսակցելն արգելելու պատճառով նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով: Վերջինս անսպասելի հարվածել է Ժամը 04:30-ի սահմաններում շքամուտք մտած Թագուհի և Կարինե Մանսուրյաններին, նախ` կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի Մանսուրյանի մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, ապա` նույն կացնով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բազմաթիվ հարվածներ է հասցրել Կարինե Մանսուրյանի գլխին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Այնուհետև, նույն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել Թագուհի և Կարինե Մանսուրյանների օգնության կանչի ձայներից տանից դուրս եկած Վաչագան Մանսուրյանի գլխին:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին տեղի էր ունեցել ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանի հարցաքննությունը, որի ժամանակ վերջինս իր արարքը չի կարողացել բացատրել. «Կատարվեց էն, ինչը պետք ա չլիներ: Չեմ կարող բացատրել դեպքի մանրամասները, քանի որ չեմ հիշում, չեմ զգացել ինչ եմ անում: Երբեք միտք չեմ ունեցել գնամ և վնաս հասցնեմ Թագուհուն կամ նրա ընտանիքի անդամներին: Էս ամեն ինչը եղավ շատ հանկարծակի»,- հայտնել էր նա, նշելով, որ ոչ մի դիտավորություն չի ուենցել վերջիններիս կյանքից զրկելու:

Նրանք ամուսնացել էին 2014թ., ունեցել են մեկ տղա երեխա,  որն էլ կնոջ հետ բնակվել է աներոջ տանը՝ մշտական վեճերի և տարաձայնությունների պատճառով ամուսնալուծվել են:

Հաջորդ դատական նիստի օրը հայտնի չէ:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի