Կարևորը ‹‹ամեն ինչ վերահսկելու›› ցանկությունից հրաժարվելն է և ժողովրդական բացարձակ լեգիտիմությամբ ‹‹չարբենալը››. Տարոն Սիմոնյան

Legalinfo.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանի հետ։

-Պարոն Սիմոնյա՛ն, Դուք հետազոտում եք անցումային հասարակությունների և պետությունների ներսում ընթացող գործընթացների օրինաչափությունները։ Ուստի ի՞նչպես կմեկնաբանեք այսօր հայաստանյան հասարակության առկա վիճակը։

-Մի կարգից մեկ այլ կարգի յուրաքանչյուր անցում մի քանի ձևով կարող է դրսևորվել՝ սահուն, արագացումներով և գերարագ։ Այդ անցումներում որոշիչը ժամանակն է և գործընթացների խտությունը։ Կախված նրանից, թե ինչ ժամանակահատվածում են գործընթացները խտանում և հանգեցնում համակարգային փոփոխության՝ մենք տարբերակում ենք մտցնում։

Եթե փոփոխությունները սովորական մարդու տեսանկյունից չափազանց կարճ ժամանակահատվածում են տեղի ունենում, մենք այն նույնացնում ենք հեղափոխության հետ։

Այն, ինչ կատարվեց հայկական հասարակությունում, կարելի է նույնացնել գերարագ անցման հետ, երբ գործընթացի մասնակիցներն անգամ շատ դեպքերում դժվարությամբ էին ընկալում ընթացիկ զարգացումների փուլերն ու ներուժը։

Որո՞նք են այդ փուլերը, և  ի՞նչ ներուժի մասին է խոսքը։

-Որպեսզի ավելի մատչելի ասեմ, փորձեմ ներկայացնել հենց հայկական իրականության օրինակով՝ բաժանելով այն փուլերի։

Առաջին փուլում՝ հասարակության ներսում պետություն-մարդ անվստահության խորացման գործընթացը, պայմանականորեն ասած, սկսեց 1996թ-ից, երբ հանրային իշխանությունը ձևավորվեց լեգիտիմության ակնհայտ բացակայությամբ։ Եվ վայրիվերումներով տևեց մինչև մեր օրերը՝ 2018թ-ը։

Այս ամբողջ ժամանակահատվածը, ըստ էության, ժողովրդից հանրային իշխանության օտարման և նույնիսկ հակադրման փուլն է։ Իսկ օտարված քաղաքական էլիտան իշխանությունը պահում էր՝ լինելով իրականությունից կտրված։ Դրա համար օգտագործվում է տարբեր միջոցներ՝ արտաքին վտանգ, վախ, ‹‹դուք չեք հասկանում, ինչ գործընթացներ կան››, ‹‹ձեր անվտանգությունից ելնելով՝ մենք ստիպված ենք ձեզ չասել որոշ բաներ››, ‹‹չկա այլ տարբերակ››, անհնարինություն, այլընտանիքի բացակայություն և այլ հնարքներ։

Երկրորդ փուլը հիմա է, երբ գերարագ փոփոխության ընթացքում ձևավորված նոր կարգը և իշխանությունը ձգտում է մերժել հին կարգը խորհրդանշող բացասական, չաշխատող և խոչընդոտող կառուցվածքները։

Այս փուլի հիմնական առաքելությունը մարդկանց միտքը նախորդ կարգի ‹‹վախերից›› և այլ կարծրատիպերից մաքրելն է։ Սա իր բնույթով անցումային պետք է լինի, քանի որ, եթե այն ձգվեց տևական ժամանակ, վիժեցնում է իր ներսի դրականը։

Սա բացատրվում է նրանով, որ ինքն իր բնույթով, ծնունդ է՝ նախորդ կարգի։ Նախորդ կարգն ակամայից ծնել է այս հակադրությունը՝ սեփական անհեռատեսության, ծայրահեղականացման, օտարման և իրականությունից կտրման հետևանքով։ Եվ այս փուլի հիմնական խնդիրն ‹‹ընդդեմ›› լինելն է։

Որ րոպեին այս փուլը լուծեց իր հիմնական խնդիրը, այն պետք է լքի բեմը, այլապես դա կլինի վերադարձ առաջին փուլին և այդկերպ՝ չընդհատվող շրջանը։

Երրորդ փուլն, ըստ էության, ռացիոնալության, ողջախոհության և բանականության փուլն է, որը նոր արժեհամակարգային հիմքեր է ձևավորում։

Այն անձինք, ովքեր այս փուլում ակտիվ դերակատարներ են, սովորաբար, պասիվ են լինում առաջին երկու փուլերում՝ անկախ նրանից՝ գործընթացների կենտրոնո՞ւմ են, թե՞ հեռու, որովհետև միջավայրն ինքնադրսևորման հնարավորություն չի տալիս։

Իսկ փոփոխությունների ուժեղ քամուց հետո առաջացած պարարտ հողը նրանց համար ստեղծագործելու և սոցիալ-պետական ադյունավետ կառուցվածքներ ձևավորելու լայն հնարավորություններ է տալիս։

Այս ներուժի կենսագործելուն ի՞նչը կարող է խանգարել կամ, ընդհակառակը, նպաստել։

-Գերարագ փոփոխվող հասարակություններում, երբ դրա ներսում բոլոր տեսակի կառուցվածքները՝ սկսած մարդու հոգեբանությունից, վերջացրած քաղաքական մարմինները, գերզգայուն վիճակում են, ցանկացած ազդակ կարող է թե՛ շատ դրական և թե՛ կործանարար ազդեցություն ունենալ։

Ամենից կարևորը նման գործընթացներում ‹‹ամեն ինչ վերահսկելու›› ցանկությունից հրաժարվելն է և ժողովրդական բացարձակ լեգիտիմությամբ ‹‹չարբենալը››, որովհետև դա կհանգեցնի կամ տոտալ անհաջողության, կամ տոտալիտար իշխանության ձևավորման։

Իսկ թե ի՞նչը կարող է նպաստել ձևավորված ահռելի հնարավորություններն արդյունավետորեն օգտագործելուն, կարող եմ նշել։ Օրինակ, հօգուտ պետականաշինության այնպիսի անձանց ստեղծագործելու հնարավորություն տալն է, ովքեր ողջախոհ և ինքնաբավ են, ունեն մասնագիտական մեծ ներուժ, և, որ ամենակարևորն է, նախկին սերնդի քաղաքական դաստիարակությունից ազատ են։

Այլ կերպ ասած՝ պետք է նման անձանց ներգրավել պետականաշինության աշխատանքներին և չխանգարել ։