Կարո Եղնուկյանին և Խաչատուր Գիչյանին թույլատվեց լքել երկիրը. «Սասնա ծռեր»-ի գործով նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։

Հավելենք, որ նիստը մեկնարկեց երեք ժամ ուշացմամբ: Նիստի մեկնարկին  դատարանին էր ներկայացվել Կարո Եղնուկյանի մոր առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունները, որով հաստատում էին, որ տարեց կինը վերջին ժամանակներս ենթարկվել է վիրահատության: Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ պայմանավորված իր առաջիկա արձակուրդով, դատարանին միջնորդեց  6 շաբաթով հետաձգել գործի քննությունը (մինչեւ սեպտեմբերի 13-ը), արդյունքում նաև, որ Կարո Եղնուկյանը կարողանա ողջամիտ ժամկետներում գնա ԱՄՆ և վերադառնա։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին  պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդել էր դադարեցնել իր պաշտպանյալ Կարո Եղնուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչպես նաև, որ վերջինիս թույլատվրի լքել Հայաստանը որպեսզի տեսակցի հիվանդ մորը և կարողանա իր ունեցած բիզնեսը կարգավորել:  Դատարանը վերոնշյալ միջնորդությունը թերի էր համարել, քանի որ վերջինիս կցված չէր Կարո Եղնուկյանի մոր առողջական վիճակի մասին փաստաթուղթը, ինչը այսօր ինչպես նշեցեցինք ներկայացվել է դատարանին:

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, մեղադրանքի կողմն էլ չառարկեց, սակայն նշեց, որ  6 շաբաթով գործը երկարաձգելը ողջամիտ ժամկետ չէ։ Դատարանը լսելով կողմերին, առանց խորհրդակցական սենյակ գնալու, որոշեց հետաձգել նիստը մինչև սեպտեմբերի 6-ը:

Հանրային պաշտպան Մարինե Ֆարմանյանն էլ իր հերթին միջնորդեց դատարանին, որ իր պաշտպանյալ Խաչատուր Գիչյանին թույլատրվի երկրից հեռանալ, վերջինս պետք է  թոշակի թղթեր կարգավորելու համար մեկնի Վրաստան: Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց այս միջնորդությունն ևս բավարարել, արդյունքում, Խաչատուր Գիչյանին թույլատրվեց  մեկ շաբաթով բացակայել Հայստանից։