Կառավարությունը կշարունակի օժանդակել ներդրումային ծրագրերի իրականացմանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Գործադիրը բավարարել է «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ:

 «Քանաքեռի կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է կտորի և օժանդակ նյութերի կարի արտադրության մեջ։ Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Մեկ այլ որոշմամբ բավարարվել է «Հելլո» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու ներկայացված հայտը: Ակնկալվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնցով կիրառման նպատակահարմարությունից և անհրաժեշտ տվյալների ամբողջականությունից ելնելով, հստակեցվել են «Ապրանքային նշանների պետական գրանցամատյանի վարման և քաղվածքների տրամադրման», «Կոլեկտիվ նշանը կամ դրա հայտը համապատասխանաբար անձի ապրանքային նշանի կամ ապրանքային նշանի հայտի և հակառակը փոխակերպելու», «Ապրանքային նշանների հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու», «Ապրանքային նշանների լիցենզիաները, դրանց փոփոխությունները և չեղյալ հայտարարելը գրանցելու մասին դիմումները լրացնելու, ներկայացնելու և քննարկելու», «Ապրանքային նշանների գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին դիմումների ձևակերպման և քննարկման կարգերի մի շարք հավելվածներ և դրանց լրացման պահանջները, այդ թվում՝ ապրանքային նշանների հայտերի, ապրանքային նշանների վկայագրերի և ներկայացվող դիմումների մասով, հստակեցվել են ապրանքային նշանների հայտերի փորձաքննության անցկացման որոշ պահանջներ և մոտեցումներ, հստակեցվել են պետական գրանցամատյանների վարմանը վերաբերող որոշ մոտեցումներ, մասնավորապես, դիմումների ներկայացման, դրանց քննարկման և գրանցամատյանում համապատասխան գրառումներ կատարելու հարցերի վերաբերյալ։

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև կառավարության 2016 թվականի մարտի 3-ին ընդունած որոշման մեջ: Նոր որոշմամբ կսահմանվի որպես բացառություն նշված բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի չմշակված թանկարժեք մետաղների, ջարդոնի և թանկարժեք մետաղների թափոնների, թանկարժեք մետաղների հանքաքարի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով մաքսային ձևակերպման համար տրամադրվող թույլտվության ընթացակարգը:

Լուսանկարը՝ www.gov.am-ի