«Կապիկի տարին իր կապիկությունն արեց իմ ընտանիքի նկատմամբ». Լեզվաբանը ամուսնու սպանության գործով ցուցմունք տվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը։  Հւշեցնենք, որ նախորդ դատական նիստին ամբաստանյալ Արտաշես Չիչեյանի պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդություն էր ներկայացրել` տուժող 78-ամյա Էմմա Աբրահամյանի նախաքննական ցուցմունքները հրապարակել և վերջինիս  դատարան հրավիրել, որպեսզի նախաքննական ցուցմունքների և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում  առկա հակասությունները պարզաբանվի:

Այսօր մեղադրող Վարդգես Սարգսյանը պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց, համարելով միջնորդությունը անհիմն, ըստ վերջինի՝  տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ չկան, ուստի անհրաժեշտություն չկա հրապարակել նախաքննական ցուցմունքները:

մեղադրողը հավելեց, որ տուժողի ցուցմունքները ոչ թե հակասում են միմյանց, այլ` լրացնում մեկ մեկու. «Իմ հակափաստարկները վերաբերում են բացառապես պարոն Պողոսյանի արած միջնորդությանը, նրա կողմից մատնանշված հակասություններն էական չեն, ամեն դեպքում, թող տպավորություն չստեղծվի, որ մեղադրողը կաշկանդված է տուժողի նախաքննական ցուցմունքով»,-ասաց նա, հավելելով, որ պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունում տուժողի նախաքննական և դատաքննական ցուցմունքներում հնչած հակասությունների վերաբերյալ բերված փաստարկները հիմնավորված չեն: 

Տուժողի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն էլ կրկին դատարանին հիշեցրեց վերջինիս առողջական ծանր վիճակի մասին, նշելով, որ  տուժողը դատաքննության ընթացքում պաշտպանների շուրջ 400 հարցերին արդեն  պատասխանել է և բոլոր պաշտպաններն էլ  հնարավորություն են ունեցել հարցեր ուղղելու:

Դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց միջնորդությանն անդրադառնալ գործի բոլոր ապացույցները հետազոտելուց հետո:

Նշենք նաև, որ այսօր պետք է հարցաքննվեր տուժող Սանասար Բադալյանը, սակայն քանի որ նեկրա չէր դատարանը որոշեց հարցաքննել տուժողի իրավահաջորդ  Փառանձեմ Մեյթիխանյանին:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ դեպքի օրը՝ հունիսի 4-ին, իր սկեսուրն ու ամուսինը հարսանիք էին գնացել, վերադարձել էին, իր պատկերացմամբ՝ բավականին շուտ: Հարսանիքից վերադարնալուց հետո, ամուսնը՝ Եղիշեն ու նրա մայրը որոշել են գնալ գյուղ, քանի որ էնտեղ գործեր ունեին:

Նա պատմեց, որամուսնը և սկեսուրի ճանապարհ ընկնելուց մի փոքր անց ինքը և իր աղջիկը՝ թոռնիկի հետ միասին, որոշել են գնալ զբոսնելու. «Աղջկաս հեռախոսին զանգ եկավ, նա վերցրեց և պատկերացրեք՝ ծղրտոց լսվեց, դրանք մարդկային ձայներ չէին: Տեսա, որ աղջիկս վատացավ, առանց ինձ ուշադրություն դարձնելու տնից դուրս թռավ»,-պատմեց Փառանձեմ Մեյթիխանյանը, հավելելով, որ ինքն էլ իր աղջկա հետևից դուրս է վազել և տեսել է, թե ինչպես է աղջիկը հարևանի մեքենան նստում: Ինքն էլ իր հերթին հարևանուհու հետ նստել է տաքսի և հասել դեպքի վայր:

«Հասանք դեպքի վայր. մեքենան տեսնելով մտածեցի վթար է եղել, բայց նայում եմ ուրիշ մեքենա չկա: Տեսա կիսուրս գլուխը խփում է«Ֆորդ» մեքենային, մի փոքր առաջացա տեսնեմ ամուսնիս գետնին ընկած է: Ընկա Եղիշեի մարմնի վրա, փաթաթվեցի, զգացի, որ դեռ տաք է ասացի` տաք է օգնե՛ք, իսկ շտապօգնության բժիշկն ասաց՝ տաք է, բայց ինքն այլևս չկա: Ամուսնուս վերնաշապիկը որովայնի հատվածում բարձրացել էր, ուստի նկատեցի, որ մոտավորապես  արդուկի  մեծությամբ կապտուկ կա, իսկ կոշիկներից մեկը հագը չէր»,-պատմեց նա:

Ըստ Փառանձեմ Մեյթիխանյանի՝  ինքը սկիսուրից փորձել է ճշտել, թե ի.նչ է եղել դեպքի վայրում. «Սկեսուրիս հարցրի`  ի՞նչ է եղել, պատմեց՝ դեմ դիմաց լույսերը վառած մեքենայով գալիս էին մեր վրա,  Եղիշեն էլ արգելակեց  ու փախցրեց մեքենան: Նրանք մեքենան ճռռացնելով կանգնեցրին, իսկ Եղիշեն ասաց` այ անասուն ոչխարներ, էդ ի՞նչ էք անում:  Մեքենայից դուրս են եկել երեք տղա, մեկ աղջիկ. տղաները հայհոյանքներ են տվել, որից հետո  Եղիշեն էլ է իջել մեքենայից: Երեք տղաները Եղիշեի վրա են եկել, սկսվել է կռիվ, քաշքշոց: Այդ ընթացքում տղաներից մեկը մեքենան մյուս մայթի վրա է տարել: Եղիշեն մեքենային հենվել է պաշտպանվել, հետո երկրորդ եռյակն է եկել` երկուսը կոլոտ, մեկը` բոյով: Բոյովն  ասել է`  ես ո՞ւմ  ախպորն ես խփում:  Էդ բոյովը ինչ-որ բանով Եղիշեի գլխին խփել է, դրանից հետո Եղիշեին սկսել են բոլորով հարվածել: Նրանց հետ եղած աղջիկը սկիսուրիս ասել է՝ քո տղան գիտի՝ ո՞ւմ է խփում, ո՞նց ա սրա տակից դուրս գալու»,- պատմեց նա, հավելելով, որ ըստ սկեսուրի խոսքերի՝  ալկոհոլի հոտ էր գալիս այդ տղաների վրայից:

Փառանձեմ Մեյթիխանյանը պատմեց, որ երբ արդեն տուն են եկել սկեսուրի՝ Էմմա Աբրահամյանի հետ, տեսել է, որ վերջինիս հագուստը արյունոտված է եղել. «Էն Եղիշեի վրայի նույն հարվածից տեսա նաև սկիսուրիս ազդրի վերևի հատվածում»:

Փառանձեմ Մեյթիխանյանը պատմեց, որ դեպքից  որոշ ժամանակ անց գնացել է այն ավտովերանորոգման կետ, որի մոտ տեղի է ունեցել դեպքը, զրուցել է դեպքին ականատես աշխատակից՝ Հայկի հետ, որը պատմել է, թե ինչպես են տղաները ծեծի ենթարկել Եղիշե Խաչատրյանին, նա տվել է Արտաշեսի, Արարատի և Խաչիկի անունները. «Կապիկի տարին իր կապիկությունն արեց իմ ընտանիքի նկատմամբ. հունիսի 4-ը հեքիաթի ավարտ դարձավ իմ ընտանիքի համար»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 4-ին, Նուբարաշենի խճուղում սպանվել էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինը՝ Եղիշե Խաչատրյանը:  Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը  խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ`  դիտավորությամբ զրկել են կյանքից: Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` նույն խումբը կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: