Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը, հանդես եկավ դատավորի ինքանբացարկի միջնորդությամբ:

Վերջինս հայտնեց, որ վատառողջ լինելու պատճառով ինքը տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ և ի վիճակի չի եղել  մի քանի դատական նիստի ներկայանալու, ինչի համար դատավոր Վաչե Մարգարյանը ներկաներին հայտնել է, որ դեռևս ձեռնպահ է մնում բռնի ուժ գործադրելուց:

Իշխան Բարսեղյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությունը ‹‹բռնի ուժ››, ‹‹բռնություն›› և նմանատիպ այլ արտահայտություններ չի սահմանում, իսկ դատավորն իրեն թույլ է տվել  նման արտահայտություն անել:

‹‹Դատավորը դրսևորել է բացահայտ անօրինական գործունեություն և ունի կանխակալ վերաբերմունք››,- իր խոսքում հավելեց նա:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանն էլ հայտնեց, որ ինքը համաձայն է իր պաշտպանյալի հետ, քանի որ դատավորն իրավունք չուներ նման արտահայտություն թույլ տալու:

Դատավոր Վաչե Մարգարյանի այն հարցին, արդյո՞ք մինչ օրս  տեղի է ունեցել բռնի ուժ գործադրելու դեպքեր, ամբաստանյալը հայտնեց, որ այո՝ 1 անգամ նման դեպք գրանցվել է, անգամ իրեն բերել են դատարան հողաթափերով:

Ներկայացված միջնորդությանն առարկեցին մեղադրող կողմն ու գործով մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ այն անհիմն է:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը՝ հայտնելով, որ միջնորդության մեջ նշված հանգամանքներն առարկայազուրկ են:

Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանին հայտնեց, որ իրենք ունեն ևս մի քանի միջնորդություններ, սակայն նպատակահարմար չեն գտնում դրանք ներկայացնելու, քանի որ միևնույն է դրանք մերժվելու են:

Այսպիսով՝ Իշխան Բարսեղյանի և Էլզա Զաքարյանի գործով դատաքննությունն ավարտվեց և դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:

Դատախազ Կարեն Բիշարյանն էլ հայտնեց, որ մեղադրական ճառը ներկայացնելու համար իրեն հարկավոր է ժամանակ, վերջինս խնդրեց 20 աշխատանքային օր, սակայն դատավորը որոշեց մեղադրող կողմին տրամադրել միայն 2 շաբաթ ժամանակ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 12-ին:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը: