Կամենովան ընդդեմ Բուլղարիայի

Դիմումատուն՝ Յորդանկա Կամենովան, ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1942 թվականին և ապրում է Բուլղարիայի Մոնտանա քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դստեր մահվան հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման պահանջի մասին իր ներկայացրած հայցը մերժելու որոշման վերաբերյալ։

Դիմումատուի դուստրը մահացել է 1997 թվականին՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ 1999 թվականին Բուլղարիայի ներպետական դատական ատյանները որոշում են կայացրել՝ Դիմումատուի դստեր մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի գործով մեղադրվող բեռնատար մեքենայի վարորդին դատապարտելու վերաբերյալ։ Սակայն Բուլղարիայի Վերաքննիչ դատարանը չեղյալ է համարել վարորդին դատապարտելու մասին ներպետական դատական ատյանների կողմից կայացված որոշումը։ 2000 թվականին Դիմումատուի դստեր մահվան գործով մեղադրվող վարորդի դեմ հարուցված քրեական գործով նոր հետաքննություն է սկսվել։

2001 թվականին Դիմումատուն բեռնատար մեքենայի վարորդի և վերջինիս գործատուի դեմ հայց է ներկայացրել՝ իր դստեր մահվան հետևանքով իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին։ 2002 թվականին կայացել է վարորդի դեմ հարուցված քրեական գործով երկրորդ դատական նիստը, որի ժամանակ Դատարանը վերջնական վճիռ է կայացրել՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մի քանի անձանց մահվան պատճառ դարձած բեռնատար մեքենայի վարորդին ազատազրկման դատապարտելու մասին։

2004 թվականին Բուլղարիայի ներպետական դատական ատյանները որոշել են փոխհատուցում հատկացնել դժբախտ պատահարի արդյունքում մահացած անձանց ազգականներին, սակայն Դատարանը մերժել է փոխհատուցման պահանջով Դիմումատուի ներկայացրած հայցը՝ վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։ Այնուհետև, Դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել, սակայն ապարդյուն։ 2007 թվականին Դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բոլոր հայցերը՝ փոխհատուցման պահանջ ներկայացնելու համար օրենքով սահմանված վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Վերջինս բողոքել է փոխհատուցման պահանջի վերաբերյալ իր ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի արձանագրել կոնվենցիայի խախտում։