Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել՝ պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ակցիայի մանակիցներն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայտնեցին, որ իրենք եկեղեցու դեմ դուրս չեն եկել և հակառակն ասելը անամոթ զրպարտություն է:

Նշենք, որ վաղ առավոտից «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները նորից հավաքվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմաց, որի արդյունքում բախում տեղի ունեցավ հոգևորականների և ակցիայի մասնակիցների միջև: Իրավիճակը փորձեցին հանդարտեցնել ոստիկանները:

Քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այսօր առավոտյան հայտնի նախաձեռնության անդամները կրկին փորձեցին խաթարել համայն հայության հոգևոր կենտրոնի անդորրն ու աղոթական միջավայրը` իմաստավորելով իրենց ներկայությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականների հասցեին վիրավորական արտահայտություններով և սադրիչ գործողություններով:

Վերստին հիշեցնում ենք հուլիսի 10-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարություն-որոշումը. «Ելնելով Եկեղեցու կողմից սերը և ներողամտությունը իսպառ արտահայտելու առաքելությունից, Գերագույն հոգևոր խորհուրդը, անսալով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորին, որոշեց մեկշաբաթյա վերջնաժամկետ սահմանել, որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո»։

Դատապարտելով հանդերձ նախաձեռնության այս ընթացքը հույսը չենք կորցնում և աղոթում, որ Աստված, Իր ողորմությանն արժանի անելով, լուսավորի իմաստությամբ` բարին խորհելու, խոսելու և գործելու»,- գրել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: