Լևոն Մկրտչյանը Արցախում մասնակցել է օգոստոսյան խորհրդակցություններին

2017-18 ուսումնական տարվան ընդառաջ ողջ  հանրապետությունում ընթացող ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները հասել են Արցախ, որոնց մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների, դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում նրանց հետ քննարկել է նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրները, ներկայացրել հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել «Ուսուցիչ» նախաձեռնությանը:

Ինչպես հաղորդում են ԿԳ նախարարության պաշտոնական կայքէջից՝ իր ելույթում նախարարը նշել է, որ ներկայումս կրթության ոլորտի բարեփոխումները թևակոխել են նոր փուլ, ուստի շատ կարևոր է, որ հայկական երկու հանրապետությունների կրթության պատասխանատուները կարողանան  դիմակայել կրթության համակարգի առջև կանգնած մարտահրվերներին և միասնական տեսակետ ձևավորեն կրթության որակի բարձրացման ուղղությամբ: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել է վերափոխումների նոր շրջան: Նրա խոսքով` անկախության առաջին օրերից ձևավորվել է ազգային կրթական համակարգ, և բարեփոխումները կրել են շարունակական բնույթ: Արդյունքում` ձևավորվել է աշխարհի համար չափելի, ընկալելի և հասկանալի կրթական համակարգ: Առհասարակ, Հայաստանի կրթական ոլորտն ակտիվորեն ներառված է միջազգային կրթական տարածքում, մասնավորապես, եվրոպական քաղաքակրթական համակարգում, որի մեջ են մտնում նաև ԱՊՀ երկրները: Հայաստանում հանրակրթությունը 12-ամյա է, և ներդրված են չափորոշիչներ, որոնցով այսօր առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը:

ՀՀ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ մշակվել է Կրթության զարգացման պետական ծրագիրը /մինչև 2030 թվական/, որն ունի կարևոր բաղադրիչներ` հանրակրթության պետական ծրագիր, որն ամբողջությամբ կարգավորելու է կրթության ոլորտի զարգացման հեռանկարները: «Մոտակա մի քանի տարիներին պետք է անցնենք հաջորդ կարևոր փուլին՝ կրթության որակի ապահովմանը: Այն գերակա է, քանի որ առանց որակի՝ ձևը շատ արագ կաղավաղվի, և մենք կկանգնենք կոտրած տաշտակի առջև: Նշեմ, որ կրթական ձեռքբերումները միայն անկախության ժամանակաշրջանով չեն պայմանավորված. դրանց հիմքում նաև այն հզոր ներուժն է, որ կուտակել է մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում և հատկապես խորհրդային շրջանում, երբ առկա էր բավականին ուժեղ գիտակրթական համակարգ: Բնականաբար, այսօր այդ ներուժը պետք է համապատասխանեցնել մեր կրթական համակարգին»: Նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե  արմատապես չփոխվի վերաբերմունքը  կրթական համակարգի նվիրյալների հանդեպ: «Հետևաբար, անհրաժեշտ է ուսուցչի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն երկու հարթությունում՝ ուսուցիչն իբրև մասնագետ և որպես մեր հասարակության ամենաակտիվ և նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը և ապրելաձևը պետք է  համազոր լինեն այն առաքելությանը, որը նա կոչված է իրականացնել»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարը պատասխանել է նաև Արցախի Ասկերանի շրջանի կրթության պատասխանատուների հարցերին, որոնք վերաբերել են «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն»   առարկաներին, դասագրքերի որակի, դպրոցում բնագիտական, պատմության առարկաների դրվածքի խնդիրներին:

Իր հերթին Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության կրթության համակարգում առկա հիմնախնդիրները, որոնք գրեթե նույնական են: Ի տարբերություն Հայաստանի՝ Արցախի կրթական համակարգը դեռևս չի անցնել 12-ամյա պարտադիր կրթության և գործում է դպրոցների ֆինանսավորման բազային բանաձևը: Սլավիկ Ասրյանի խոսքով` Արցախում գործում է ընդամենը մեկ ավագ դպրոց, որի առջև էլ խնդիր է դրված հասնել  Արարատյան բակալավրիատի  մակարդակի: Արցախի կրթության նախարարը տեղեկացրել է նաև, որ հանրապետությունում գնալով ակտիվանում է օլիմպիական շարժումը, որի շնորհիվ Արցախի դպրոցականները Հայաստանի հանրապետական օլիմպիադներում տարբեր առարկաների գծով արժանացել են 40 մրցանակների և գովասանագրերի:

Խորհրդակցության ընթացքում ելույթ են ունեցել Ասկերանի շրջանի Իվանյանի, Սարուշենի, Նախիջևանիկի, Բերքաձորի, Ավետարանոցի գյուղերի դպրոցների ներկայացուցիչները:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Ասկերանի շրջանի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը, ԳԹԿ ներկայացուցիչ Կարո Նասիբյանը:

Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի օգոստոսյան խորհրդակցությունների հաջորդ կանգառը Սյունիքի մարզն է: