Լոնդոնում ներկայացվել են ՀՀ-ում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը 2017թ. սեպտեմբերի 11-ից 15-ը մասնակցել է Լոնդոնում կայացած «Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները մշտադիտար­կելու, գնահատելու և վեր հանված խնդիրներին արձագանքելու կառավարության կարո­ղությունների հզորացում» թեմայով աշխատաժողովին:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում, Գանայում, Մոլդովայում և Ուգանդայում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի և պաշտպանության համակարգում ընթացող բարեփոխումների, ինչպես նաև այդ գործընթացը մշտադիտարկելու, գնահատելու նոր գործիքի ծանոթացման, տեղայնացման և վերհանված խնդիրներին արձագանքելու կարողությունների հզորացմանը վերաբերող թեմաներ:

Նախարարի տեղակալ Սոնա Հարությունյանը հանդես է եկել  «Երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումները Հայաստանում» զեկույցով, որի ընթացքում ներկայացրել է 1991 թվականից մինչև օրս երեխաների պաշտպանության ոլորտում  կատարված և կատարվելիք աշխատանքները, հիմնական ձեռքբերումները և մարտահրավերները:

Անդրադառնալով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի և պաշտպանության համակարգին՝ նախարարի տեղակալը նշել է, որ գործընթացում  ներգրավված են պետական և հասարակական մի շարք կառույցներ, որոնք կարևոր դերակատարում ունեն բարեփոխումների գործընթացում:

Համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում Սոնա Հարությունյանը ներկայացրել է փուլ առ փուլ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման ընթացքը, երեխայի մուտքը հաստատություն կանխարգելող ծրագրերը, հաստատություններում խնամք ստացող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատման հիման վրա այլընտրանքային ծառայությունների ուղղությամբ տարվող աշխատանքները:

Համաժողովի ընթացքում ձևավորվել է Հայաստանի՝ երեխաների խնամքի և պաշտպանության համակարգի բարեփոխումների գնահատման, հասցեականության բարձրացման և մշտադիտարկման գործիքի կիրառման նպատակով ուսումնասիրության իրականացման պլանը, որտեղ նախանշվել են մշտադիտարկման և գնահատման գործիքի գործնական կիրառմանն ուղղված հետագա աշխատանքները, շահագրգիռ կողմերը և իրենց պարտականությունները և ժամկետները: