Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործով պաշտպանական կողմը ճառով հանդես եկավ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվեց սփուռքահայ Արփի Մերասի և «Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը, որի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռոբերտ Անանյանը ներկայացրեց դատավորի ինքնաբացարկի միջնորդություն:

Վերջինս հայտնեց, որ դատավորն իրկանացրել է ապօրինի գործողություններ և եղել է կաշկանդված Մարինա Պողոսյանից. «Դատավորը կանխակալ վերաբերմունք ունի՝ Մարինա Պողոսյանի շահերից, և նրա դիրքորոշումից հանդես գալու համար»,- իր խոսքում նշեց փաստաբանը:

Պաշտպանական կողմը առարկեց այդ միջնորդությունը՝ նշելով, որ այն անհիմն է :

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանն էլ հայտնեց, որ ներկայացված միջնորդությունը բացարձակապես իրավական հիմք չունի:

«Սա նման էր ամուսնուց նեղացած կնոջ մաղձի: Ինքնաբացարկի հիմքում նա դրել ա իմ պահելաձևը դատարանի դահլիճում և դրա վրա է հիմնվում, որ դուք կողմնակալ եք: Հարգելի դատարան սա ո՞վ է, փաստաբան է, թե՞ մեղադրող»,- իր խոսքում նշեց նա:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը ընդհատեց Մարինա Պողոսյանին և վերջինիս նկատամամբ  կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում, որից հետո հեռացավ որոշում կայացնելու:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը հայտնեց, որ մերժում է ներկայացված միջնորդությունը:

Իրավապաշտպամ Մարինա Պողոսյանն էլ հանդես եկավ մեղադրող դատախազ Բագրատ Ղազինյանի բացարկի միջնորդությամբ՝ հայտնելով, որ դատախազը իր գործով չի կարող լինել անկողմնակալ, քանի որ իր կազմակերպությանը դիմել է մի քաղաքացի, որը վաշխառության զոհ է դարձել, վերջիններս հովանավորվում են  Ղազինյան ընտանիքի կողմից: Իրավապաշտպանի խոսքերով Ղազինյանների ընտանիքից ստանում է նախազգուշական զանգեր:

Դատախազ Բագրատ Ղազինյանն էլ հայտնեց, որ Մարինա Պողոսյանը չունենալով որևէ այլ բնույթի միջոցներ փորձում է դիմել արհեստական քայլերի. «Իմ կողմից կատարված գործողությունները ամբողջությամբ բխել են քրեական դատավարության օրենսգրքից, իսկ ներկայացվածը ամբաստանյալի սուբյեկտիվ կարծիքն է, սա հերթական փորձն է դատավարությունը ձգձգելու համար»:

Նշենք, որ իր խոսքի ժամանակ դատախազը հայտնեց, որ Մարինա Պողոսյանը զբաղվում է «ենթադրյալ» իրավապաշտպանական գործունեությամբ, ինչը զայրացրեց Մարինա Պողոսյանին, վերջինս դատարանին հայտնեց, որ հաջորդ անգամ կլքի նիստերի դահիճը: Այնուհետև վեճ սկսվեց դատախազի և իրավապաշտպանի միջև, դատավորն էլ հանդարտեցրեց կողմերին՝ հորդորելով Մարինա Պողոսյանին համբերությամբ լսել, քանի որ դատախազի կողմից որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը:

Այնուհետև պաշտպանական կողմը հանդես եկավ ճառով: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն իր ճառում նշեց, որ Մարինա Պողոսյանին առաջադրված մեղադրանքը անորոշ է և անհստակ:

«2007 թվականին բնակարանը վերանորոգվել է Մարինա Պողոսյանի կողմից և նրա միջոցներով, որի արդյունքում ծախսվել է 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ Արփի Մերասը ոչ մի գումար չի փոխանցել Մարինա Պողոսյանին բնակարանը վերանորոգելու համար»,- իր խոսքում նշեց Լիպարիտ Սիմոնյանը:

Վերջինս խոսքերով գումար չունենալու պատճառով Արփի Մերասը չի փոխհատուցել այդ գումարը և Մարինա Պողոսյանը ևս 20 միլիոն դրամ տալով Արփի Մերասին փաստացի գնել է այդ բնակարանը:

Լիպարիտ Սիմոնյանի խոսքերով քրեական գործում առկա են լիազորագրեր, որոնցով տուժող Արփի Մերասը Մարինա Պողոսյանին լիազորել է ցանկացած պայմանով և գնով վաճառել, փոխանակել, գրավ դնել, վերանորոգել այդ բնակարանը:

«Մարինա Պողոսյանի գործողություններում բացակայում է յուրացման հանցակազմը»,-ասաց փաստաբանը:

Ճառով հանդես եկավ նաև փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Վերջինս հայտնեց, որ սուտ է այն ձևակերպումը, թե Մարինա Պողոսյանը առանց Արփի Մերասի գիտության և հանձնանարության վաճառել է նրա բնակարանը:

«Սա ոչ այլ ինչ է, քան քննիչի կողմից քրեական գործ հարուցելու որոշման պատճառաբանելու համար կեղծիք կատարելու ապացույց, այն է գոյություն չունեցող փաստի վկայակոչում որոշման մեջ»,- ասաց փաստաբանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքերով Մարինա Պողոսյանի և նրա մանկության ընկերուհի՝  Աիդա Հակոբյանի բնակարանների խուզարկությունը չի հետապնդել հանցագործությունը բացահայտելու նպատակ, այլ այդ կերպ փորձ է արվել հոգեբանական ճնշում գործադրել նրանց նկատմամբ:

Մուշեղ Շուշանյանը դատարանին խնդրեց  Մարինա Պողոսյանի վերաբերյալ՝ հանցակազմի բացակայության հիմքով կայացնել արդարացման դատավճիռ և դիմել գլխավոր դատախազին մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և Մարինա Պողոսյանին պատճառված բարոյական վնասը հատուցելու նպատակով:

Մարինա Պողոսյանն էլ դատարանից խնդրեց իրեն ժամանակ տրամադրել ճառով հանդես գալու համար, որին առարկեց մեղադրող դատախազը՝ նշելով, որ ճառին պատրաստվելու համար ամբաստանյալն ուներ բավարար ժամանակ:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել Մարինա Պողոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ նրան տրամադրելով ժամանակ պատրաստվելու համար:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքերը և դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլար գումար: