Իրանը հերթական անգամ հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Արդարադատության միջազգային դատարան

Իրանը հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կողմից կայացված որոշման վերաբերյալ։  Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Վերջինս հայտարարել է, որ Իրանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Արդարադատության միջազգային դատարան՝ ապօրինի կերպով երկրորդ անգամ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար ԱՄՆ իշխանություններին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Նա նաև հավելել է, որ Իրանը հավատարիմ  է օրենքի գերակայությանը, մինչդեռ ԱՄՆ իշխանություններն անհարգալից վերաբերմունք են դրսևրում դիվանագիտական հարաբերությունների և իրավական պարտավորությունների նկատմամբ: Իրանի արտգործնախարարը կոչ է արել պայքարել միջազգային օրենքը խախտելու ԱՄՆ-ի սովորության դեմ։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի Միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշման մասին։ Այնուհետև, ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան այս կապակցությամբ հայտարարել են, որ մտադիր են հետևել Իրանի հետ միջուկային գործարքի պայմաններին: Ռուսաստանն իր հերթին հայտարարել է, որ հիասթափված է Վաշինգտոնի որոշմամբ և ԱՄՆ նախագահի կայացրած որոշումը կապել է Իրանի հետ առկա քաղաքական խնդիրների հետ:

Հիշեցնենք նաև, որ 2015 թվականի հուլիսի 14-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի միջև կնքվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր» համաձայնագիր, որի իրագործմամբ վերացվում են Իրանի դեմ սահմանված տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: