Իրանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ՝ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման վերաբերյալ 

Իրանը կոչ է արել ՄԱԿ-ին արձագանքել նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի կայացրած որոշմանը: Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները նամակ են հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ նշելով, որ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշմամբ Վաշինգտոնը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և Անվտանգության խորհրդի բանաձևը:

Նշենք, որ այս տարվա նոյեմբերի 5-ին ուժի մեջ են մտել Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները՝ վտանգելով Իրանի նավթային ոլորտը և Կենտրոնական բանկի հետ կնքված գործարքները: Այնուամենայնիվ, Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ երկիրը վաճառել է և շարունակելու է նավթի վաճառքը՝ չնայած պատժամիջոցներին:

«Մենք պետք է դադարեցնենք այս պատժամիջոցների կիրառումը և կանենք դա մեր միասնականության շնորհիվ: Մենք պետք է հասկացնենք ամերիկացիներին, որ իրենք չեն կարող իրանցիների հետ խոսել սպառնալիքների, ճնշումների և պատժամիջոցների լեզվով: Ամերիկացիները պետք է վերջապես պատժվեն»,-հայտարարել է Իրանի նախագահը:

Բացի այդ, սահմանափակումները և պատժամիջոցներն ուղղված են ոչ միայն Թեհրանի դեմ, այլ նաև՝ այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք համագործակցում են իրանցի գործընկերների հետ։ Իրանական նավթի արտահանման համար սահմանված սահմանափակումները դեռևս չեն ազդել Չինաստանի, Հնդկաստանի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի և Թուրքիայի վրա: