Իրազեկում. Ապրանքի որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելը պատժվում է մինչև 2 ամիս ազատազրկմամբ

ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 212 սահմանում է, որ  սպառողին խաբելը ՝ թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, ապրանքի սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կամ այլ ձևով խաբելը՝ ապրանքներ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից առևտրի  ոլորտում պատժվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանքով:

Եթե թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, ապրանքի (ծառայության) սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կամ այլ ձևով խաբելը կատարվել է խոշոր չափերով կամ  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ապա պատժվում է նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով տուգանքով կամ առավելագույնը երեք տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով կամ  կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Վերոնշյալ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից պատժվում է առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկմամբ, ինչպես նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հիսնապատիկի չափը, իսկ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը գերազանցող գումարը:

Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը, եթե այդ արարքը մարդու առողջության համար անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս, ապա պատժվում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով տուգանքով:

Եթե առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ապա պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով: