Իսլանդիան փոխարինել է ԱՄՆ-ին ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների խորհրդում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է, որ Իսլանդիան փոխարինել է ԱՄՆ-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում։ Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լքել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը։

Օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հայտարարել է, որ Մարդու իրավունքների խորհրդին Իսլանդիայի անդամակցության գործընթացը կավարտվի 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Գլխավոր ասամբլեայի հայտարարության մեջ նշվում է, որ Իսլանդիան առաջին անգամ է անդամակցում Մարդու իրավունքների խորհրդին։ Տեղի ունեցած ընտրություններից հետո ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ պետությունների թիվը հասել է 108-ի:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը հիմնադրվել է 2006 թվականի մարտի 15-ին։ Խորհուրդը կազմված է 47 անդամ պետություններից, որոնք Գլխավոր ասամբլեայի կողմից ուղղակիորեն և առանձին-առանձին ընտրվում են գաղտնի քվեարկության միջոցով: Անդամ պետություններ ընտրելիս հարկ է հաշվի առնել թեկնածու պետությունների գրանցած արդյունքները մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում և նրանց կամավոր ստանձնած խոստումները և հանձնառությունները: Խորհրդի անդամ պետություններն ընտրվում են երեք տարի ժամկետով և վերընտրվելու իրավունք չունեն իրար հաջորդող երկու ժամկետների ավարտից անմիջապես հետո: