Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ։

Նշենք, որ նախորդ նիստի ժամանակ ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, որից հետո անցում կատարվեց  ամբաստանյալների հարցաքննությանը:

Դատարանը որոշեց առաջինը հարցաքննել Ժիրայր Սեֆիլյանին, սակայն վերջինս հրաժարվեց ցուցմունք տալուց: Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանն այս գործը համարում է թատերական ներկայացում և չի պատրաստվում ցուցմունք տալ և պատասխանել իրեն ուղղաված հարցերին:

‹‹Անհրաժեշտության դեպքում ինքս հանդես կգամ հայտարարություններով››,- դատարանին հայտնեց Ժ. Սեֆիլյանը:

Ցուցմունք տալուց հրաժարվեց նաև Սասունիկ Կիրակոսյանը:

Այնուհետև հարցաքննվեց ամբաստանյալ Հրայր Թոփչյանը, վերջինս դատարանին հայտնեց, որ ինքը սկզբունքորեն չի հրաժարվում ցուցմունք տալուց և կպատասխանի միայն իրեն ուղղված հարցերին, իսկ ցուցմունք տալու իր իրավունքից կօգտվի  այն ժամանակ, երբ  կլսի փորձագետին:

Պատասխանելով կողմերի հարցերին՝ Հրայր Թոփչյանը պատմեց, որ ամբաստանյալներից ճանաչում է Հովհաննես Պետրոսյանին, Սասունիկ Կիրակոսյանին, որն իր մտերիմ ընկերն է և Ժիրայր Սեֆիլյանին. ‹‹Սեֆիլյանի հետ հանդիպել եմ միայն առիթների ժամանակ, սակայն նրա քաղաքական գործողությունների որևէ մասը չեմ կազմել››:

Պատմելով Հովհաննես Պետրոսյանին պահ տված զենքերի մասին՝ Հրայր Թոփչյանը նշեց, որ այդ զենքերը եղել են իր զենքերը և իր մոտ գտնվել են 1992-1994թթ.-ից հետո:

‹‹Եղավ մի ժամանակ, որ ես ցանկանում էի այդ զենքերը որոշ ժամանակով հեռացնել իմ տնից և խնդրեցի Հովհաննեսին դրանք պահել, նա էլ համաձայնվեց››, – իր խոսքում նշեց նա:

Հրայր Թոփչյանը դատարանին հայտնեց, որ այդ զենքերը շատ հին էին և գուցե օգտագործման պիտանի էլ չէին, իսկ դատարանում զննված իրեղեն ապացույց հանդիսացող փամփուշտները առհասրակ իրեն չեն պատկանել, քանի որ իր մոտ եղած փամփուշտները եղել են հին և ժանգոտված. ‹‹100 տոկոսով վստահ եմ, որ այդ փամփուշտները իմը չեն, իսկ զենքերը չեմ կարող ասել՝ իմն են եղել, թե ոչ, գուցե դրանք էլ են փոխել››:

Այնուհետև ամբաստանյալը պատմեց, որ զենքերը որոշ ժամանակ Հովհաննեսի մոտ մնալուց հետո,  դրանք վերցրել է, ճանապարհին էլ տեղի է ունեցել ավտովթարը և այդ զենքերը հայտնաբերվել են:

‹‹Մեքենային մեկ այլ մեքենա թեթև հարվածեց, որից մի քանի հոգի դուրս եկան և հարձակվեցին վարորդիս վրա: Դրանից հետո ինչ-որ տեղից հայտնվեց մի ավտոտեսուչ և հայտնաբերվեցին այդ զենքերը, որից հետո մեզ տարել են Մաշտոցի բաժին››:

Թոփչյանի խոսքերով այդ մարդիկ շատ լավ իմացել են զենքերի մասին և միտումնավոր սարքել են այդ ավտովթարը, քանի որ ոստիկանության աշխատակիցները պահանջել են բացել բեռնախցիկը և հանել արկղը, որի մեջ եղել են զենքերը և փամփուշտները:

Մեղադրող դատախազի միջնորդության համաձայն՝ հրապարակվեցին ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Նշենք, որ ցուցմունքներում Հրայր Թոփչանը պատմել է, որ իրեն և Հովհաննեսին ծանոթացրել է Ժիրայր Սեֆիլյանը, և նրանք ցանկացել են գրավել հեռուստաաշտարակը, ինչպես նաև՝ ‹‹Նուբարաշենի›› զորամասը: Թոփչյանը նաև հայտնել էր, որ ցանկացել են կատարել զիված հարձակում՝ իշխանափոխություն անելու նպատակով:

Նախաքննական ցուցմունքը լսելուց հետո Թոփչյանը դատարանին հայտնեց, որ ճիշտ է դատարանում տված իր ցուցմունքը, իսկ մյուս ցուցմունքերը սուտ են, քանի որ իրեն սպառնացել են և պահանջել են տալ նման ցուցմունքներ:

‹‹Քննչական կոմիտեում իմ տված ցուցմունքները իրականության հետ որևէ կապ չունեն, դրանք կորզվել են ինձանից պարտադրանքով››,- ասաց նա:

Մեղադրող կողմը ևս մի քանի հարց ուղղեց ամբաստանյալին, սակայն վերջինս հրաժարվեց դրանց պատասխանելուց:

Այնուհետև ցուցմունք տվեց ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը, վերջինս հայտնեց, որ Սեֆիլյանի հետ հաճախ չեն շփվել և կապը պահել են «Ֆեսբուք» սոցիալական ցանցի միջոցով: Նա նաև հայտնեց, որ Սեֆիլյանի հանձնարարականով է զենքը ստացել Հրայր Թոփչյանից՝ զինված հարձակումներ կատարելու նպատակով:

«Սեֆիլյանի ծրարգերն իրագործելուց հետ եմ կանգնել, երբ Հրայր Թոփչյանից իմացել եմ, որ ուզում են գրավեն «Նուբարաշենի» զորամասը»,- իր խոսքում նշեց Հովհաննեսը:

Հովհաննես Պետրոսյանը նաև հայտնեց, որ Սեֆիլյանը հերոս չէ. «Չի կարելի հերոս անվանել մի մարդու, որը ցանկանում էր  ձեռք բարձրացնել հայ զինվորի վրա»: Վերջինիս այս խոսքերը զայրացրին Գևորգ Սաֆարյաինին, որն ի պատասխան Հովհաննեսի ասաց՝ «Մենք հերոսացնում ենք նրան, ով իսկապես հերոս է»:

Հավելենք, որ Հովհաննես Պետրոսյանը մեղադրյալներից միակն է, որը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել Ժիրայր Սեֆիլյանի դեմ:

Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին: