Թրաֆիքինգի դրսևորումները ՀՀ-ում. աշխատանքային շահագործում

Աշխատանքի դիմաց չնչին վարձատրություն, հարկադիր աշխատանք, մուրացկանություն, ստրկություն կամ ստրկությանը նմանվող վիճակ, որը մեկ բառով անվանում են աշխատանքային թրաֆիքինգ:

ՀՀ օրենսդրությամբ աշխատանքային թրաֆիքինգը որպես հասկացություն առանձնացված չէ, օգտագործվում է մեկ հասկացություն՝ մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում, որը ներառում է շահագործման հետևյալ ձևերը՝ հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը նմանվող վիճակում հայտնվելը, առքը կամ վաճառքը, օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելը:

«Հույս և օգնություն» ՀԿ նախագահ` Ենոք Շատվորյանի խոսքերով սեռական թրաֆիքինգի ենթադրաբար նվազեցումը հանգեցրել է մեկ այլ թրաֆիքինգի ձևի ի հայտ գալուն՝ թրաֆիքինգ գյուղատնտեսության ոլորտում: Ենոք Շատվորյանի խոսքերով դա թրաֆիքինգի մի դրսևորում է, երբ ընտանիքներով տեղափոխվում են գյուղ ֆեռմայում աշխատելու նպատակով, որի ժամանակ հա՛մ կացարան են տրամադրում,  հա՛մ էլ աշխատանքով ապահովում, սակայն այստեղ թրաֆիքինգի գործոնը կայանում է նրանում, որ գումար չեն տալիս կամ քիչ են տալիս, ընտանքի բոլոր անդամներին աշխատանքում շահագործում են:

«Պայմանավորվել է 40 000 ամուսնու հետ, կով կթելու համար էլ կնոջ հետ, բայց այ երեխանների աշխատանքի համար չի պայմանավորվել՝ թող զբաղվեն էլի: Փաստորեն ձրի են աշխատում: Դեպքեր է եղել, երբ 12 տարեկան երեխան դպրոց չի գնում՝ չոբանություն է անում»,-ասաց ՀԿ նախագահը:

ՀԿ նախագահի խոսքերով երբեմն գյուղատնտեսական թրաֆիքինգի դեպքերը չեն բացահայտվում, քանի որ տուժող կողմը պարտավորվածություն  է ունենում իր տիրոջ հանդեպ: Մարդը ում համար իրենք աշխատում են ապահովում է իրեն հագուստով, ուտելիքով, ինչն էլ հանգեցնում է նրան, որ տուժողը երբեմն դիմում բողոքը ետ է վերցնում, քանի որ մտածում է՝ «եթե այս մարդը գնաց նստեց, ո՞վ է իմ տերը»:

Գյուղատնտեսական թրաֆիքինգի զարգացման պատճառը աշխատուժն է, որը չունի աշխատանք և որը պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք:

Հարցին, թե ինչո՞ւ արտագնա աշխատանքին փոխարինեց գյուղատնտեսությունը, Շատվորյանը առանձնացրեց այն փաստը, որ գյուղատնտեսությունը սկսել է զարգանալ. «Մարդիկ առաջ 10 կով էին պահում, կարողանում էի ‹‹յոլլա›› տանել, բայց երբ 20-30 կով են պահում, այդ մի ընտանիքը չի կարող պահել, հետևաբար իրենց հավելյալ  աշխատուժ է պետք»:

Շատվորյանը, Երևանի տարածքում թրաֆիքինգի դրսևորումներից խոսելիս, առանձնացրեց, որ  լինում է չվարձատվող կամ քիչ վարձատրվող աշխատանք, և նույնիսկ առանց պայմանագրի աշխատանք:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն ՀՀ-ում հարկադիր աշխատանքի զոհերը հիմնականում, այսպես կոչված, ‹‹շրջիկ ընտանիքներն են››՝ մայրերը երեխաների հետ: Մուրացկանության մեջ սովորաբար ներգրավվում են անչափահաս տղաները: Ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակում հայտված անձանց շրջանում դեռևս անչափահասներ չեն հայտնաբերվել: Հայաստանը հանդես է գալիս ինչպես ծագման, այնպես էլ տարանցիկ և նպատակակետ երկիր:

Հարկադիր աշխատանքի, ստրկության և մուրացկանության ձևով շահագործվող ՀՀ քաղաքացիների տարիքը 11 տարեկանից մինչև 63 տարեկան է, որոնց թվում կան և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Հարկադիր աշխատանքի թիրախ են համարվում հատկապես արական սեռի ներկայացուցիչները, որոնք մեկնում են արտերկիր աշխատանք գտնելու կամ աշխատելու՝ մեծամասամբ ՌԴ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով 2016 թվականի համեմատ 2017 և 2018 թվականներին թրաֆիքինգի և շահագործման զոհ դարձած անձանց թիվը նվազել է:

2016 թվականի ընթացքում  ներկայացվել է 6 միջնորդություն 21 անձի վերաբերյալ: Նույնացվել են և աջակցության իրավունք են ստացել 18 անձ, որոնցից երկուսը հետագայում հրաժարվել են աջակցությունից:

Թվաքանակը՝     ըստ սեռի Կատեգորիա Շահագործման վայր Շահագործման ձև
Իգական սեռի՝ 2 Հատուկ կատեգորիա (անչափահաս) 0 ՄԱԷ՝ 2 Սեռական շահագործում
Արական սեռի՝ 16 Հատուկ կատեգորիա (անչափահաս) 0 ՌԴ՝ 16 Հարկադիր աշխատանք

 

2017 թվականի ընթացքում  ներկայացվել է 5 միջնորդություն 16 անձի վերաբերյալ: Նույնացվել են և աջակցության իրավունք են ստացել 12 անձ, որոնցից.

Թվաքանակը՝     ըստ սեռի Կատեգորիա Շահագործման վայր Շահագործման ձև
Իգական սեռի՝ 9 Հատուկ կատեգորիա (անչափահաս)՝ 1 ՀՀ՝ 4, ՄԱԷ՝ 3, Կիպրոս՝ 2 Սեռական շահագործում՝ 8

Հարկադիր աշխատանք՝ 1

Արական սեռի՝ 3 Հատուկ կատեգորիա (անչափահաս)՝ 1 ՀՀ՝ 1, ՌԴ՝ 1, Վրաստան՝ 1 Ստրկություն՝ 2

Հարկադիր աշխատանք՝ 1

 

Մինչև 2018 թվականի օգոստոս ամիսը՝  ներկայացվել է 2 միջնորդություն 4 անձի վերաբերյալ: Նույնացվել են և աջակցության իրավունք են ստացել բոլորը:

Թվաքանակը՝     ըստ սեռի Կատեգորիա Շահագործման վայր Շահագործման ձև
Իգական սեռի՝ 1 Հատուկ կատեգորիա (անչափահաս)՝ 0 Հայաստանի Հանրապետություն Հարկադիր աշխատանք՝ 1
Արական սեռի՝ 3 Հատուկ կատեգորիա (անչափահաս)՝ 1 Հայաստանի Հանրապետություն Ստրկություն՝ 1

Հարկադիր աշխատանք՝ 2

 

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ նույնացվել է 40 անձ, որոնցից 15-ը՝ իգական սեռի, 7-ը՝ հատուկ կատեգորիա (5-ը՝ արական սեռի, 2-ը՝ իգական): Անչափահասներից 1-ը ներգրավվել է մուրացկանության մեջ, 6-ը՝ աշխատել են ֆերմաներում:

Քիչ չեն դեպքերը, երբ անձինք աշխատանքային շահագործման են ենթարկվում նաև իրենց աշխատավայրերում: Հաճախ գործատուներն իրենց աշխատակիցներին տալիս են կեղծ խոստումներ՝ մատնանշելով իրենց ներքին էթիկան,  խոստանում են, որ աշխատակիցը չի խաբվի իրենց կողմից, կստանա իր կատարած աշխատանքին համապատասխան աշխատավարձ և կաշխատի բարենպաստ պայմաններում: Լսելով գործատուի խոստումները մարդն ընդունում է իրեն առաջարկված աշխատանքը և որոշ ժամանակ անց հասկանում, որ բոլոր խոստումները կեղծ են եղել, սակայն այլ տարբերակ չունենալով և չկարողանալով այլ աշխատանք գտնել,  շարունակում է հարկադրաբար աշխատել տվյալ գործատուի մոտ՝ չնչին աշխատավարձի դիմաց:

25-ամյա Անահիտը (մեր զրուցակցի խնդրանքով, անունը փոփոխված է), մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ ինքն արդեն 1 տարի է, ինչ ստիպված աշխատքում է մի կազմակերպությունում (զրուցակցի խնդրանքով կազմակերպության անվանումը ևս չի նշվում), որտեղ իրեն վճարում են ընդամենը 60 հազար ՀՀ դրամ գումար:

‹‹Համալսարանն ավարտելուց հետո տեսա տվյալ կազմակերպության աշխատանքի ընդունման հայտարարությունը և որոշեցի դիմել:  Աշխատանքի ընդունվելիս ինձ ասացին, որ պետք է որոշ ժամանակ անցնեմ փորձաշրջանը, որը կվարձատրվի, որից հետո կանցնեմ աշխատանքի և սկզբնական շրջանում կստանամ 60 հազար դրամ աշխատավարձ, որը հետագայում քիչ-քիչ կավելանա, բայց արդեն 1 տարի է, ինչ աշխատանքն ավելացել է, սակայն աշխատավարձի չափը մնացել է նույնը: Բացի այդ չեմ վարձատրվել նաև փորձաշրջանի համար››,- ասաց նա:

Անահիտի խոսքերով ինքն այդ կազմակերպությունում անգամ, որպես աշխատող ձևակերպված չէ, իսկ դուրս գալ դեռևս չի կարող, քանի որ  մեկ այլ աշխատանք չի գտել:

‹‹Այս պահին մեկ այլ աշխատանք եմ փնտրում հույս ունենալով, որ կլինեն ավելի լավ պայմաններ՝ գոնե գրանցված աշխատող կլինեմ: Նոր աշխատանք գտնելուց հետո առանց մտածելու դուրս կգամ այս աշխատանքից››,- նշեց նա:

Նշենք, որ գործող օրենսդրությամբ՝ յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար գործատուն պարտավորվում է վճարել տույժ և տուգանք, որը կարող է կազմել 60-ից 600 հազար ՀՀ դրամ:

Աշխատանքային շահագործման կարող է ենթարկվել մեզանից յուրաքանչյուրը և ինչ-ինչ պատճառներով չբարձրաձայնել դրա մասին: Հարկ է նշել, որ թրաֆիքինգը՝ լինի դա սեռական շահագործում, թե աշխատանքային, համարվում է քրեորեն պատժելի արարք:

Մարդկանց  թրաֆիքինգ կամ շահագործում իրականացնող անձանց նկատամամբ սահմանվում է պատասխանատվություն

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն մարդկանց թրաֆիքինգ կամ շահագործում իրկանացնող անձանց նկատմամբ սահմանվում է քրեական պատասխանատվություն:

Օրենսգրքի 132-րդ հոդվածով նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում, հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Եթե թրաֆիքինգը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ,  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով` պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Եթե մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումն իրականացվել է կատարվել է կազմակերպված խմբի կողմից, անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Նույն արարքը, որը կատարվել է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքը օգտագործելով, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,առևանգման միջոցով, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով` պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

Եթե նույն արարքը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:

ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է՝ շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է ծառայությունից օգտվողի համար, և եթե հանցագործություն կատարած անձի արարքում բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է`ակնհայտ անչափահասի նկատմամբ, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ`պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին տուժողի մասին կամովին տեղեկություններ հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:

Թրաֆիքինգի զոհերին պետության կողմից տրվող աջակցությունը

Հայաստանի Հանրապետությունն ունի օրենք «Մարդկանց թրաֆիքինգի եվ շահագործման ենթարկված անձանց նույնացման եվ աջակցության մասին»:   

Օրենքի նպատակը մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձանց շահերից բխող՝ նրանց հայտնաբերումը, պատշաճ նույնացումը, աջակցության, պաշտպանության և հասարակությանը սոցիալական վերաինտեգրման արդյունավետ ապահովումն է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես նաև հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության ընթացակարգերի ձևավորմամբ:

Պետությունը թրաֆիքինգի ենթարկվածի համար շատ հարցեր է լուծում, ուտելիքի հագուստի տրամադրում, ամբուլատոր բուժոգնություն, ինչպես նաև ժամանակավոր կացարանի տրամադրում: Ենոք Շատվորյանի խոսքերով, գումարային աջակցություն տրամադրվում է մի դեպքում, երբ որ մարդը համաձայնվում էր և իր համար կազմակերպվում էր աշխատանքային որևիցե մասնագիտության ուսուցում:

Թրաֆիքինգի միջոցով պետությանը հասցվող  վնասներից խոսելիս Ենոք Շատվորյանն առաջին հերթին առանձնացրեց պետությանը հասցվող բարոյական վնասը, որ իր քաղաքացին ասում է  «թքեմ քո երեսին պետություն՝ գնում եմ»:

«Երկրորդ վնասը նյութական վնասն է, որովհետև այդ փողերը, որ պտտվում են ոչ լեգալ ոլորտում, բնականաբար  պետության ծաղսերից դուրս է գալիս երկրից՝ ոչ միայն շրջանառությունից, այլ նաև երկրից»,-ասավ ՀԿ նախագահը:

Նշենք, որ օգոստոսի 30-ը համարվում է թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր: Այն հռչակվել է 2013 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ: