Թուրքիան պողպատի ներկրման քվոտաներ կսահմանի 

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Թուրքիան գրության միջոցով տեղակացրել է ԱՀԿ-ին, որ այս տարվա հոկտեմբերի 17-ից պողպատի ներկրման քվոտաներ է սահմանելու՝ ազգային արտադրողներին պաշտպանելու նպատակով: Նման որոշման շարժառիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ ԱՀԿ անդամ պետությունները սկսել են պաշտպանողական միջոցներ կիրառել՝ դարձնելով Թուրքիան պողպատե արտադրանքի ներմուծման գործընթացի թիրախ:

 «ԱՀԿ մի շարք անդամ պետությունների կողմից իրականացվող պաշտպանողական միջոցառումներն ուղղակի հետևանքներ են առաջացնում Թուրքիայի առևտրի ոլորտում: Թուրքիայի ներքին շուկան, որը տարեկան սպառում է մոտ 30 մլն տոննա պողպատի արտադրություն, վերածվում է ներմուծման գործընթացի թիրախի: Պաշտպանիչ քայլեր ձեռնարկելու մասին որոշման հետաձգումը կարող է վատթարացնել Թուրքիայում պողպատի արտադրողների վիճակը»,-հայտարարել են այս կապակցությամբ Անկարայում:

Թուրքիայի կողմից ԱՀԿ-ին ուղարկված գրության մեջ նաև թվեր են պարունակվում՝ պողպատե արտադրանքի ներմուծման ծավալների վերաբերյալ: Դրանց համաձայն՝ Թուրքիայի կողմից պողպատե արտադրանքի ներմուծման ծավալները 2013 թվականին գրանցված 10.223 մլն տոննայից մինչև 2017 թվականը հասել է 10.606 մլն տոննայի: Միևնույն ժամանակ, այդ ընթացքում երկրի ներսում արտադրվող պողպատի ծավալը 14.911 մլն տոննայից հասել է 20.464 մլն տոննայի: «Թեև այս ժամանակահատվածում ներքին արտադրության գրանցված որոշ ցուցանիշներ բարելավվել են, այնուամենայնիվ, ընդհանուր պատկերը և առևտրի ոլորտում տեղի ունեցող վերջին գործընթացները Թուրքիայի ներքին արտադրության համար լուրջ վնաս պատճառելու սպառնալիք են հանդիսանում»,- եզրափակել են գրության մեջ Թուրքիայի ներկայացուցիչները:

Նշենք, որ քվոտաներ սահմանելու մասին Թուրքիայի կայացրած որոշումը կապված է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առևտրային վեճի առկայության հետ: Այս տարվա օգոստոսին ԱՄՆ-ն թուրքական պողպատի և ալյումինի ներկրման համար սահմանված մաքսատուրքերը համապատասխանաբար 50%-ով և 25%-ով բարձրացնելու մասին որոշում է կայացրել: Թուրքիան, իր հերթին, դիմել է պատասխան գործողությունների և բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը: Այնուհետև, Թուրքիան հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ԱՀԿ՝ թուրքական պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշման վերաբերյալ։ ԱՀԿ կանոնների համաձայն՝ վեճերի կարգավորման մարմնի մասնակցությամբ երկու երկրների միջև խորհրդակցություններ պետք է տեղի ունենան հայց ներկայացնելու օրվանից 60 օրվա ընթացքում, սակայն դրանց արդյունքները դեռևս հայտնի չեն: