Թեժ բանավեճեր և բացարկի միջնորդություններ Տիգրան Եգորյանի դեմ բողոքի նիստին

Փաստաբանների պալատում շարունակվեց «Ազատություն և հայրենիք» հիմնադրամը ներկայացնող Արուսյակ Հայրապետյանի բողոքը` «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ:

Արուսյակ Հայրապետյանն իր բողոքում պնդում է, որ փաստաբան Եգորյանը համապատասխան աշխատանքներ չի կատարել և թերացել է պաշտպանական կողմ իրականացնելու ամիսների ընթացքում: Մասնավորապես. Արթուր Սարգսյանը տառապել է Բեխտերևի հիվանդությամբ, որն ըստ էությամբ արգելում է «մի քանի ժամ անգամ մնալ հայաստանյան բանտում, քանի որ ամեն ժամը կարող է բախտորոշ լինել Արթուրի համար»,- իր խոսքում նշեց Արուսյակ Հայրապետյանը:

Բողոքի լսմանը ներկա էին Փաստաբանական պալատի խորհրդի անդամները՝ Կարեն Մեջլումյանի նախագահությամբ, «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանը, նրա դուստր Արուսյակ Հայրապետյանը, լրագրող Թեհմինե Ենոքյանը և գործով մեղադրվող, փաստաբան՝ Տիգրան Եգորյանը:

Նիստի սկզբում Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ երկու բացարկի միջնորդություն ունի ներկայացնելու: ՓՊ խորհրդի անդամ Կարեն Սարդարյանին խնդրեց իր կամքով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել. «1999 թ. Ձեր նկատմամբ դատական ակտ է կայացվել՝ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով, դատարանն ապացուցել է, որ Դուք մեղավոր եք։ Այժմ կարող եք պնդել, որ բավականին ժամանակ է անցել և Ձեր դատվածությունը մարված է, պարտականություններ ստանձնելու վերաբերյալ չունեք սահմանափակումներ, սակայն, այս պարագայում,  խոսքն իմ իրավուքների մասին է։ Ես չեմ ցանկանում, որ իմ մասնագիտական էթիկայի քննարկմանը մասնակցի մի անձ, որն ունեցել է նման անցյալ»,- իր խոսքը եզրափակեց փաստաբան Եգորյանը:

Կարեն Սարդարյանը չընդունեց Տիգրան Եգորյանի պայմանը և ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրեց, որից հետո, փաստաբան Եգորյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց, որը մերժվեց:

Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ ներկայացնելու առաջարկով դիմեց նաև ՓՊ խորհրդի անդամ Սիմոն Բաբայանին՝ ցանկությունը բացատրելով, որ Բաբայանն այժմ ունի մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ. «Դուք կասկածվում եք փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի վրա վերջերս տեղի ունեցած բռնություն կատարելու մեջ, ուստի, այս պահի դրությամբ Դուք էլ ունեք էթիկական վարքագծի խնդիրներ։ Դա նաև չի բխի փաստաբանության հեղինակության շահերից։ Սա մի ընկալեք անձնական վիրավորանք։ Ստացվում է, որ այս գործը քննել է խորհրդի մի անդամ, որն ինքն է ունեցել կարգապահական խնդիրներ, մյուս կողմից ես չեմ ուզում՝ դա վնասի փաստաբանության հեղինակությանը։ Խնդրում եմ որպես կոլեգա, հայտարարեք ինքնաբացարկ, եթե ոչ՝ ես բացարկի միջնորդություն կներկայացնեմ»:

Սիմոն Բաբայանը հրաժարվեց ինքնաբացարկ ներկայացնել, նշելով, որ առիթ կամ հիմքեր չունի, խորհուրդը ևս մերժեց բացարկի միջնորդությունը:

Փաստաբանների զրույցը կամաց-կամաց տեղափոխվում էր անձնական դաշտ, զգացվում է լարվածություն մեկը մյուսի դեմ, նրանց խոսքերի մեջ չէր հիշատակվում նիստի կայացման բուն խնդիրը:

Խոսակցություններն ընդհատեց Արուսյակ Հայրապետյանը, նշելով, որ շեղվում են թեմայից և այս ամենը բացարձակ կապ չունի Արթուր Սարգսյանի հետ: Նա ներկայացրեց իր բողոքը փաստաբան Եգորյանի դեմ, մանրամասնելով, որ փաստաբանն իր աշխատանքը թերի է կատարել և պատշաճ մակարդակով չի կարողացել պաշտպանել Արթուրին. «Ես որևէ անձնական խնդիր չունեմ Ձեր դեմ, Ձեր փոխարեն կարող էր լինել մեկ ուրիշը: Ինչպե՞ս է ստացվում, որ 5 ամիս շարունակ Դուք չկարողացաք ազատ արձակելու պահանջ ներկայացնել դատարանին և իշխանություններին, նշելով, որ Արթուրի հիվանդությունն օր օրի կարող է  ավելի սրվել և առողջական այդ վիճակով նա պարզապես չի կարող մնալ բանտում: Դուք դա չկարողացաք անել, բայց իմ և մեր հիմնադրամի ջանքերով, ընդամենը 5 օրում կարողացանք ազատ արձակելու որոշումը ստանալ»:

Տիգրան Եգորյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն իր հետ բերել էր Թեհմինե Ենոքյանի և Արուսյակ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումների արտատպած տարբերակները, որոնք վերաբերում էինք Եգորյանին, սակայն, Արուսյակ Հայրապետյանը հրաժարվում էր պատասխանել հարցերին: Ի վերջո, հիմնադրամի նախագահ Ֆելիքս Հայրապետյանի նյարդերը տեղի տվեցին այդ հարցերից և նա բորբոքված պահանջեց դադարեցնել «այս անիմաստ հարց ու պատասխանը և անցնել բուն գործին», նշելով, որ ֆեյսբուքյան գրառումները կապ չունեն գործի հետ: Փաստաբան Եգորյանի և նրա ներկայացուցչի կողմից տրվող հարցերը նա համարեց «հիմարություն», ինչից բորբոքվեց Եգորյանը:

Նիստը նախագահող Կարեն Մեջլումյանը հինգ րոպե ընդմիջում հայտարարեց, որի ժամանակ Եգորյանը խնդրեց նիստերի դահլիճից հեռացնել Ֆելիքս Հայրապետյանին:

Այնուհետև բանավեճ տեղի ունեցավ խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանի և Եգորյանի միջև, վերջինս նշելով, որ իր հետ «դու»-ով չխոսի, իսկ եթե ինչ-որ խնդիր ունի իր անձի հետ կապված, ապա կարող է ինքնաբացարկի դիմում ներկայացնել:

Նիստը հետաձգվեց:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի