Ընտրվել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 15 նոր անդամները

humanrightsՄիավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 15 նոր անդամների ընտրությունը 3 տարի ժամկետով՝ սկսած 2015 թ. հունվարի 1-ից: Առաջին փուլով գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են Ալբանիան, Լատվիան (արևելաեվրոպական երկրների խումբ), Նիդերլանդները, Պորտուգալիան (արևմտաեվրոպական երկրների և Այլ պետությունների խումբ), Գանան, Նիգերիան (աֆրիկյան երկրների խումբ), Բանգլադեշը, Կատարը (ասիական-խաղաղօվկիանոսյան երկրների խումբ), Էլ Սալվադորը և Պարագվայը (Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների խումբ): Բոլիվիան, Բոթսվանան, Ինդոնեզիան, Կոնգոյի Հանրապետությունը և Հնդկաստանը վերընտրվել են ևս մեկ ժամկետով: 

Մարդու իրավունքների խորհրդի կազմում 47 պետություններ են: Խորհրդում տեղերը համամասնորեն բաշխված են Միավորված ազգերի կազմակերպության տարածաշրջանային հինգ խմբերի (Աֆրիկա՝ 13 տեղ, ասիական-խաղաղօվկիանոսյան երկրներ՝ 13 տեղ, Արևելյան Եվրոպա՝ 6 տեղ, Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազանի երկրներ՝ 8 տեղ, Արևմտյան Եվրոպա և Այլ պետությունների խումբ՝ ներառյալ ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան՝ 7 տեղ) միջև:

Խորհրդի անդամներից յուրաքանչյուրի լիազորությունների ժամկետը 3 տարի է, ընդ որում, ոչ մի անդամ երկու ժամկետից ավելի անընդմեջ չի կարող ընտրվել:  Անդամներն ընտրվում են Գլխավոր ասամբլեայի անդամների ձայների մեծամասնությամբ՝ ուղղակի և գաղտնի քվեարկության միջոցով: Խորհրդի յուրաքանչյուր անդամ պետք է պահպանի մարդու իրավունքների պաշտպանության բարձր չափանիշները: Մարդու իրավունքների զանգվածային և պարբերական խախտման դեպքում ցանկացած պետության անդամակցությունը կարող է դադարեցվել Գլխավոր ասամբլեայի անդամների երկու երրորդի քվեարկությամբ:

Մարդու իրավունքների խորհուրդը, որը Գլխավոր ասամբլեայի թիվ 60/251 բանաձևի համաձայն հիմնադրվել է 2006 թվականի մարտի 15-ին, ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների համար պատասխանատու միջկառավարական գլխավոր կառույցն է: Այն փոխարինել է Մարդու իրավունքների հանձնաժողովին, որն ավելի քան 60 տարի հանդիսանում էր Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համակարգի առանցքը: Նորմատիվային եւ չափանիշների ստեղծման ասպարեզում Հանձնաժողովի ձեռքբերումները հիմք են ստեղծում Խորհրդի աշխատանքի համար: 

Ի տարբերություն նախկին Հանձնաժողովի, որը հանդիպում էր տարին միայն մեկ անգամ՝ վեց շաբաթ ընդհանուր տևողությամբ, Խորհուրդը շվեյցարական Ժնև քաղաքի Ազգերի պալատում հանդիպում է տարեկան առնվազն 3 լիագումար նստաշրջաններով՝ առնվազն 10 շաբաթ ընդհանուր տևողությամբ: Խորհրդի հիմնական (չորսշաբաթյա) նստաշրջանը սովորաբար անց է կացվում մարտ ամսին: Խորհուրդը անդամ պետության պահանջով կարող է անցկացնել նաև հատուկ նիստեր, եթե նման պահանջը ստանում է Խորհրդի անդամ պետությունների առնվազն մեկ երրորդի աջակցությունը՝ այդ թվում նաև առանձին երկրներում մարդու իրավունքների տագնապալի վիճակների հետ կապված հարցերի քննարկման համար: