«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը շարունակում է բուռն քննարկման առարկա մնալ

Հայաստանի Հանրապետության քրեական արդարադատության կարևոր գաղափարական առանցքներից մեկը նա է, որ քրեական արդարադատության խողովակ  չմտցնենք մարդկանց որոնք չպետք է մտնեն: Ըստ Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Արշակ Գասպարյանի ամենակարևորը մարդկանց չտանենք քրեակատարողական հիմնարկներ և պատժողական քաղաքականությունից փորձենք հրաժարվել:

«Այն մարդիկ ովքեր ասում են ինչո՞ւ չեք պատժում քրեական օրենսգրքով: Մարդիկ ովքեր գտնում են, որ պետք է պատժեն՝ նրանք շատ ավելի խիստ են մոտենում քան «Ընտանեկան բռնության մասին» օրենքը և այդ քաղաքականությունն առհասարակ: Պետք չի, որ վաղը ունենանք ամեն երկրորդ կամ երրորդ  տղամարդը, որը կնոջ կամ ընտանիքի որևէ անդամի նկատմամբ ունեցած վերաբերմունքի համար հայտնվել է քրեակատարողական հիմնարկում: Պետությունը սա չի որդեգրել՝ անկախ ընտանեկան բռնության մասին եզրույթի և դրա մասին օրինագծի առկայությունից»,-ասաց նա, հավելով, որ այս տեսակետից ընտանեկան բռնությունը չէր կարող ենթադրել միայն քրեական պատասխանատվություն՝ քրեաիրավական վերաբերմունք պետության կողմից:

Ինչ վերաբերվում է սոցիալական ոլորտին, ըստ Արշակ Գասպարյանի՝ այսօր ընդհանրապես սոցիալական պաշտպանությունը մի նոր հարթակի է բերվում և մի նոր խոսք է ասվելու համակարգային տեսակետից.

«Մենք գնում ենք դեպի ընտանիքը և համայնքի ռեսուրսները զարգացնելու ուղղությամբ, այսինքն այդ սոցիալական աջակցությություն կոչվածը վերանում է իր նպաստային համակարգից և դու ասում ես՝ հարգելի քաղաքացի, հարգելի ընտանիք դու եղիր կուռ, ամուր և ինչ որ կարող է համայնքը տալ, այդ համայնքի ծառայությունները տալիս են»,-ասաց նա հավելելով, որ մեկ այլ բան է, որ իմպլիմենտացիոն կատարողական փուլում և պետությունն ինչպես՞ս է անելու և ո՞վքեր են զբաղվելու ու ի՞նչ մասնագետներ:

Խոսելով երեխաների պաշտպանության համակարգի մասին, Արշակ Գասպարյանը նշեց, որ երեխայի համար պետք է ստեղծել առավելագույնս ընտանիքահեն մոտեցում և ընտանիքահեն ծառայութնուններ. «Ամենաառաջինը՝ երեխան, որը մնացել է առանց ծնողական խնամքի՝ հաստատություն տանելու  փոխարեն այդ մարդը պետք է ապրի իր կենսաբանական ընտանիքում, եթե հետ պետք է տանեին հաստատություն, ապա ասում ենք ՈՉ, հաստատություն պետք չի, հաստատության փոխարեն ունեցեք ընտանիք՝ որդեգիրն է, խնամակալն է կամ խնամատարը»,-ասաց նա նշելով, որ այս տեսակետից պետք է դիտարկել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը :

«Վորլդ Վիժն Հայաստանի» երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանի կարծիքով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը հետապնդում է մի քանի նպատակ:

«Օրենքի նախագծով նպատակ կա առաջին հերթին ստեղծել իրավական  կառուցակարգեր, որոնք կտրամադրեն ֆիզիկական, իրավական, սոցիալական և հոգեբանական պաշտպանություն այն անձանց, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության: Երկրորդը` կանոնակարգել այդ կառույցների  գործունեությունը, երրորդը, որն ամենակարևորն է ու պակասում է այսօր, ստեղծել մեխանիզմներ,  որոնք կառողջացնեն ընտանիքում ստեղծված անառողջ մթնոլորտը»,- ասաց նա հավելելով, որ
օրենքի նախագիծն ասում է, որ երբ ընտանիքում կա բռնություն, ոստիկանությունն առաջին ահազանգի ժամանակ պաշտոնապես նախազգուշացնում է բռնություն կիրառող անձին:

«Երկրորդն անհետաձգելի միջամտության որոշումն է։ Այսինքն` այն բոլոր դեպքերում, երբ բռնության ենթարկվածի մնալը բռնություն կիրառողի հետ միևնույն հարկի տակ նպատակահարմար չէ, որովհետև դա կարող է սպառնալ նրա կյանքին և առողջությանը, պետք է անհետաձգելի միջամտության որոշում կայացվի: Մինչև 20 օր տևողությամբ սահմանափակվում են բռնություն կիրառողի որոշ իրավունքներ»,- ասաց Աիդա Մուրադյանը նշելով, որ սա արվում է հետապնդումներն ու կրկնակի բռնության դեպքերը բացառելու նպատակով:

«Իսկ երրորդը՝ պաշտպանական միջոցը որոշումն է, որն ընդունվում է դատարանի կողմից.  6-9 ամիս տևողությամբ ժամանակահատվածում բռնության ենթարկվածի համաձայնության առկայության պարագայում անձը կարող է տեղափոխվել ապաստարան»,-ասաց նա:

Աիդա Մուրադյանի խոսքերով՝ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը ընտանիքում ստեղծված անառողջ մթնոլորտն առողջացնելու մեխանիզմներ կստեղծի, իսկ այն մարդիկ ովքեր քննադատաբար են մոտենում օրենքին, նրանք կամ չեն կադացել կամ էլ կարդալու պարագայում տեսել են այնպիսի դրույթներ որոնք իրականում չկան:

Ըստ Աիդա Մուրադյանի՝ ընտանիքում դոմինանտ կերպարը ճնշում է ընտանիքում ապրող ավելի թույլ  անձին, որը որպես կանոն և ֆինանսապես և տնտեսապես և էմոցիոնալ առումով խիստ կախվածության մեջ է այդ դոմինանտ անձից: Դա կարող է լինել կինը, ամուսինը, տատիկը կամ պապիկը. «Շատ կարևոր փաստ է, որ Հայաստանում պետք չէ բոլոր ամուսիններին տեսնել որպես բռնարարներ»,-ասաց նա:

ՀՕՖի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքերով մեծ ակնկալիքներ չկա, որ բռնության ենթարկված անձանց քաջությունը կավելանա այս օրենքը ասպարեզ բերելով:

Ըստ Միրա Անտոնյանի՝ մենք իներցիայով շարունակում ենք տուժել տուժողին.

«Եթե օրենքով սահմանված որևէ միջոց չի օգնում, ապա մենք զոհին տեղափոխում ենք ապաստարան: Իսկ ինչո՞ւ բռնարարին չտեղափոխել ընտանիքից, ինչո՞ւ թույլ տանք, որ բռնարարը շարունակի ապրել տանը և զոհին ուղղակի կյանքը փրկելու նպատակով տարածքից հեռացնենք»,- ասաց նա հավելելով, որ համաձայն չէ այս դրվածքի հետ և չի համարում զոհապաշտպան քայլ:

Հավելենք, որ սույն թվականի սեպտեմբերի 20-ից «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծն ՀՀ արդարադատության նախարարության կայքում քննարկման է ներկայացվել և բուռն արձագանք է ունեցել հասրակության մեջ:

Նախագծերի փաթեթով լուծում ստացող առաջին խնդիրն ընտանեկան բռնության կանխարգելման գործունեությունը հստակեցնելն ու համակարգելն է: Կանխարգելման նպատակին են ուղղված՝

ա) ընտանեկան բռնության պատճառների և պայմանների վերաբերյալ համակարգային հետազոտություններ կատարելու պահանջը.

բ) ընտանեկան բռնության կենտրոնացած հաշվառման պահանջը՝ ընդգրկելով ինչպես պաշտոնապես գրանցված, այնպես էլ ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության հատուկ կառույցների կողմից հաղորդված, սակայն իրավապահների կողմից պաշտոնապես չգրանցված միջադեպերը.

գ) իրավապահ մարմինների, կրթական և բժշկական հաստատությունների, հատուկ կառույցների  աշխատակիցներին պարբերաբար վերապատրաստելու պահանջը, ինչը կնպաստի նրանց կողմից ընտանեկան բռնության սպառնալիքի վաղ հայտնաբերմանը և կանխմանը.

դ) պաշտոնական նախազգուշացման պարագայում Ոստիկանության կողմից անմիջապես Աջակցության կենտրոնին տեղյակ պահելը, և վերջինիս կողմից ընտանեկան բռնության սպառնալիքի վաղ փուլում միջամտելու և ընտանիքին հոգեբանական աջակցություն տրամադրելու, ինչպես նաև հաշտարարություն իրականացնելու հնարավորությունը.

ե) բռնարարի համար ալկոհոլամոլությունից, խաղամոլությունից, թմրամոլությունից և թունամոլությունից բուժում անցնելու և հոգեբանական աջակցություն ստանալու հնարավորությունը, որն ուղղված է նրա սոցիալական վերականգնմանը.

զ) հանրության համար իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ անցացնելու, «թեժ գծով» անվճար խորհրդատվություն տրամադրելու պահանջը:

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.e-draft.am/projects/427

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի