«Ընկեր Մակյան ես չեմ ուզում այս բարբաջանքները լսել». Արայիկ Խանդոյանը դատավորին խնդրեց իրեն հեռացնել նիստերի դահլիճից

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատավարությունը  մտավ դատաքննության փուլ:

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանում ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի  պաշտպան Հայկ Ալումյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ խնդրելով դատավորին դիմել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրության և Քրեական օրենսգրքի միջև առկա հակասությունները քննելու համար: Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով Սահամադրությունում նշվում է քաղաքացիների ապստամբության իրավունքը, իսկ «Սասնա ծռեր»-ը հանցագործություն չեն կատարել, այլ ապստամբություն են իրականացրել, ինչի վերաբերյալ Քրեական օրենսգրքում որևէ կարգավորում չկա:

Միջնորդության վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնեցին «Սասնա ծռեր» խմբի անդամները: Մասնավորապես՝ Արայիկ Խանդոյանը նշեց, որ «Սասնա ծռեր»-ի անդամները ազատամարտիկներ են, այլ ոչ թե ամբաստանյալ կամ կալանավոր. «Մենք իրացնում ենք մեր իրավունքը և պարտավոր ենք տեր լինել մեր երկրին: Ի տարբերություն ձեզ, որ ծառայում եք դավաճաններին և ազգուրացներին, մենք ծառայում ենք մեր երկրին»:

Խանդոյանի խոսքերից հետո դատավորը նրա նկատմամբ նախազգուշացում կիրառեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, ինչին ի պատասխան Խանդոյանն ասաց՝ «Դատավորին նախազգուշացում հայրենիքի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար»:

Արայիկ Խանդոյանի խոսքը շարունակեց Պավել Մանուկյանը՝ հայտնելով, որ չի կարող արդար դատավարություն տեղի ունենալ, քանի որ դատարանը ուղղորդված է Սերժ Սարգսյանի կողմից: «Ամեն ինչ հանել եք վաճառքի, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը դարձրել եք մի մարմնավաճառ և ամեն ինչ վաճառում եք: Ի՞նչ պայքարի միջոց եք թողել դուք մեզ, դատարանը սպանդանոցից պե՞տք է տարբերվի, թե՞ չէ: Ես ամեն բառիս տակ ստորագրում եմ և մինչև կյանքիս վերջ պետք է հասնեմ նրան, որ հանցագործը պատժվի»,- իր խոսքում նշեց Պավել Մանուկյանը:

«Մենք մեր ժողովրդի անունից ենք ապստամբել: Ես ձեզ հորդորում ե, որ ուշքի գաք և հասկանաք ինչ եք անում»,- ասաց Վարուժան Ավետիսյանը, իսկ Գագիկ Եղիազարյանն էլ բղավեց. «Ուշքի եկե՛ք, Թալեաթներ»:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրսայանն էլ գտավ, որ ներկայացված միջնորդդությունն անհիմն է և ենթակա է մերժման: Վերջինիս խոսքի ժամանակ «Սասնա ծռեր»-ի անդամներն իրենց անհամաձայնությունը հայտնեցին և  ընդհատեցին դատախազի խոսքը՝ բղավելով և ոտքի կանգնելով: Պավել Մանուկյանն էլ բղավեց՝ «Ձե՛նդ կտրի», ինչից հետո խառնաշփոթ առաջացավ: Ապակեպատ պատնեշից այս կողմում գտնվող անձինք ևս ոտքի կանգնեցին և սկսցեին բղավել:

Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ սակնցիա՝ նախազգուշացում կիրառեց Պավել Մանուկյանի, Սմբատ Բարսեղյանի և Գագիկ Եղիազարյանի նկատմամբ:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը՝ նշելով, որ դրան կանդրադառնա հետո:

Այնուհետև դատախազ Արամ Արամյանը սկսեց ընթերցել սույն գործով մեղադրական եզրակացությունը, վերջինիս խոսքն ընդհատեց Արայիկ Խանդոյանը՝ հայտնելով, որ չի ուզում լսել մեղադրական եզրակացությունը:

«Ընկեր Մակյան ես չեմ ուզում այս բարբաջանքները լսել, ուզում եք սանկցիա կիրառեք»,- տեղից վեր կենալով ասաց Արայիկ Խանդոյանը, որին ի պատասխան դատավորը հայտնեց. «Չէ, չեմ ուզում», Խանդոյանն էլ իր հերթին նշեց. «Ես եմ ուզում»:

Դատավորը Խանդոյանին հորդորեց նստել և լսել մեղադրական եզրակացությունը, սակայն Խանդոյանը չցանկացավ, ինչի համար դատավորը ստիպված եղավ սանկցիա կիրառել նրա նկատմամբ՝ 3 ժամով հեռացելով նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման  անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Ելենա Արամյան