Էրյիղիթը և ուրիշներն ընդդեմ Թուրքիայի

Գործի շրջանակներում յոթ Դիմումատուներ բողոքներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Դիմումատուներից մեկի հղիության ընթացքում բազմապտղության սխալ բժշկական ախտորոշման վերաբերյալ։ Դիմումատուներն ազգությամբ թուրք են, ծնվել են 1956-ից 1998-ական  թվականներն  ընկած ժամանակաշրջանում  և ապրում են Ստամբուլում։

1997 թվականի նոյեմբերի 7-ին առաջին Դիմումատուին՝ Հավա Էրյիղիթին, ով նշված ժամանակահատվածում հղի էր, տեղափոխել են Թուրքիայի «Սուլեյմանիե» բժշկական կենտրոն։ Բժշկական ախտորոշիչ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է, որ Դիմումատուն սպասում էր երկվորյակների։ Այնուհետև` Դիմումատուն հետազոտություն է անցել «Շիշլի Էթֆալ» բժշկական կենտրոնում, որտեղ ուլտրաձայնային հետազոտության արդյունքում բժիշկը եկել է նույն եզրակացության։

Դիմումատուին, ի վերջո, տեղափոխում են «Զեյնեփ Կամիլ» բժշկական կենտրոն, որտեղ էլ 1997 թվականի նոյեմբերի 8-ին ծնվել է Դիմումատուի մեկ երեխան։ Դիմումատուները քրեական գործ են հարուցել՝ առաջին Դիմումատուի երկրորդ երեխայի անհետացման վերաբերյալ։

Դիմումատուների ներկայացրած բողոքների հիման վրա հարուցված քրեական գործով քննիչն ավարտին չի հասցրել հետաքննությունը և եզրակացրել է, որ առաջին Դիմումատուի ավելցուկային քաշի պատճառով նրա հղիության վերաբերյալ սխալ ախտորոշում է դրվել, և երկրորդ երեխա երբեք չի եղել։

Ստամբուլի վարչական դատարանը մերժել է Դիմումատուների ներկայացրած բողոքները՝ պատճառաբանելով, որ նման բժշկական ախտորոշման սխալներ հաճախ են տեղի ունենում։ Հետագայում Ստամբուլի վարչական դատարանը չեղյալ է համարել Դիմումատուների գործով կայացրած վճիռը և արձանագրել է, որ առաջին Դիմումատուն սխալ ախտորոշման արդյունքում իրեն պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար պետք է փոխհատուցում ստանա։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուներն իրենց բողոքների մեջ նշել են, որ իրենց ըստ պատշաճի փոխհատուցում չի տրվել և բողոքել են երկրորդ նորածնի անհետացման արդյունքում իրենց ընտանիքներին պատճառված վնասի մասին։ Դիմումատուները նաև բողոքել են իրենց  հայցերի հիման վրա հարուցված քրեական գործի անհապաղ և արդյունավետ հետաքննության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է  ոչ  նյութական (բարոյական) վնասի  համար  բոլոր Դիմումատուներին միասին վճարել 3.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2.000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Հետևյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։