Երեք օր է` գնդեվազցիները, ջերմուկցիները և կեչուտցիները փակել են Ամուլսար տանող ճանապարհները

Հայկական բնապահպանական ճակատը հայտնում է, որ Վայոց ձորի բնակիչները փակել են դեպի Ամուլսար տանող բոլոր ճանապարհները, քանի որ դեմ են հանքի շինարարական աշխատանքների շարունակմանը:

Հայկական բնապահպանական ճակատի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Վայոց ձորի բնակիչները դեմ են Ամուլսարում հանքի շինարարական աշխատանքների շարունակմանը և փակել են դեպի լեռ տանող բոլոր ճանապարհները։ Աշխատանքները փաստացի այս պահին կասեցված են։

Պահանջը շատ հստակ է․ պետք է կանգնեցնել այս ծրագիրը, քանի որ էկոլոգիական և սոցիալ-տնտեսական վնասները շատ վտանգավոր են և արդեն իսկ տեսանելի են տեղի բնակիչների համար։ Նաև ստորագրահավաք է իրականացվում ուղղված ՀՀ կառավարությանը, որպեսզի չեղարկվի այս ծրագիրն ու նոր անկախ փորձաքննություն իրականացվի։