Գլխավոր Այժմ Երեխաների շրջանում արձանագրվել են դիզենտերիայի դեպքեր

Երեխաների շրջանում արձանագրվել են դիզենտերիայի դեպքեր

Ամռան ամիսներին ամեն տարի արձանագրվում է աղիքային վարակներով պայմանավորված սեզոնային ակտվություն, ինչը մշտապես գտնվում է համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում:


Վերջին օրերին միանման գանգանտերով Երևանի 2 բժշկական կազմակերպություն են դիմել երեխաներ: Կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր երեխաները հաճախում են «Գուլիվեր» նախադպրոցական ուսումնական հաստատություն: Ընդհանուր առմամբ, գրանցվել է 18 հիվանդ, որոնց մոտ նկատվել է լուծ, փսխում, բարձր ջերմություն, թուլություն:
Երեխաների վիճակը գնահատվել է թեթև և միջին ծանրության: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ երեխաներից 9-ի մոտ հայտնաբերվել է դիզենտերիայի հարուցիչ (շիգելա զոնե): Ներկայումս հիվանդների առողջացման դրական տեղաշարժ է գրանցվել, երեխաները ստանում են համապատասխան բուժում:
Վարակի աղբյուրի, ինչպես նաև պատճառահետևանքային կապի բացահայտման նպատակով՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունում, առողջապահության նախարարության (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն), ինչպես նաև ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների համատեղ ուժերով, իրականացվել են հետազոտություններ երեխաների հետ շփումներ ունեցած անձանց, ինչպես նաև նախադպրոցական ուսումնական հաստատության անձնակազմի շրջանում, ուսումնավիրվել են երեխաների կեցության պայմանները: Արդյունքում մանկապարտեզում, մասնավորապես՝ խոհանոցում, հայտնաբերվել են սանիտարական նորմերի և հիգիենիկ կանոնների կոպիտ խախտումներ, ինչն էլ պատճառ է դարձել երեխաներին տրամադրվող սննդի երկրորդային աղտոտման:

Խախտումների վերացման եւ վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ «Գուլիվեր» նախադպրոցական հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:
Մտահոգությունները, թե վարակի հիմքում կարող է լինել ջրի որակի հետ կապված խնդիրը, հիմնավոր չեն, ինչը փաստում են լաբորատոր հետազոտությունները:
Տեսչական մարմինների կողմից պետական վերահսկողության միջոցառումները շարունակվում են: