«Ես կեղծ փաստաթղթերի հիման վրա չեմ պատրաստվում կրել քրեական պատասխանատվություն». Մարինա Պողոսյանը դիմեց դատարանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ սփուռքահայ Արփի Մերասի և «Վելես» կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով նիստն ընթացավ լարված մթնոլորտում:

Նիստի ժամանակ քննարկվեց տուժողի իրավահաջորդին և վերջինիս ներկայացուցիչին գործում ներգրավելու վերաբերյալ հարցը:

Նշենք, որ տուժող Արփի Մերասը հունվարի 13-ին մահացել է, ինչի պատճառով այսօր դատարան էր եկել նրա իրավահաջորդ Սարո Մերասը:

Պաշտպանական կողմն առարկություն ներկայացրեց տուժողի իրավահաջորդի և նրա ներկայացուցչին գործում ներգրավելու վերաբերյալ: Մարինա Պողոսյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը հայտնեց, որ անձը տուժողի իրավահաջորդ կարող է ճանաչվել այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործության հետևանքով տուժողը մահացել է կամ կորցրել է իր կամքն արտահայտելու  ունակությունը:

«Չի կարելի այդպիսի իրավունքերով օժտել մի անձի, որն անմիջականորեն չի տուժել հանցանքից։ Տուժողի իրավունքերը անխզելիորեն կապված են նրա անձի հետ և չեն կարող փոխանցվել այլ անձի»,-նշեց նա:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարանին ներկայացվել են պատշաճ փաստաթղթեր և որոշեց Սարո Մերասին ներգրավել գործում՝ որպես տուժողի իրավահաջորդ:

Այնուհետև՝ դատարանն անդրադարձավ Հրանտ Անանյանին՝ որպես  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, գործում ներգրավելու հարցին:

Մեղադրող դատախազը հայտնեց, որ առարկություններ չունի և Հրանտ Անանյանը կարող է համարվել  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Մարինա Պողոսյանն էլ հայտնեց, որ Հրանտ Անանյանն այս պահին ոչ ոք է, սակայն հանդես է եկել միջնորդությամբ և դատարանն ընդունել է վերջինիս ներկայացրած միջնորդությունը:

«Արփի Մերասը մահացել էր հունվարի 13-ին և 17 օր անց Հրանտ Անանյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել: Փաստաբան Հրանտ Անանյանը խախտելով բոլոր էթիկայի, բարոյական, մարդկային օրենքի պահանջները մահացած մարդու անունից փաստաթուղթ է ստորագրում և ներկայացնում է դատարան, որն ընդունվել է դատարանի կողմից: Մահացած մարդու անունից ոչ ոք իրավունք չունի ստորագրելու: Կատարվել է քրեական հանցագործություն»,-իր խոսքում նշեց նա:

Մարինա Պողոսյանը նաև միջնորդեց վերցնել Սարո Մերասից ձեռագիր նմուշներ, որպեսզի համեմատեն այն փաստաթղթերի հետ, որոնք Հրանտ Անանյանը փետրվարին ներկայացրել է դատարան, բացի այդ նաև միջնորդեց ներկայացնել բնօրինակ փաստաթղթեր, քանի որ ի սկզբանե գործում տեսել են միայն պատճեններ. «Քրեական գործի նյութերից կորել են բնօրինակ թղթեր, կեղծվել են փաստաթղթեր և կատարվել են պաշտոնեական կեղծիքներ: Մեզ համար անհայտ պատճառներով քրեական գործի նյութերից անհետացել է Արփի Մերասի հաղորդման բնօրինակը, և դրա փոխարեն հայտնվել է պատճեն»:

Տիկին Պողոսյանը դատարանին հայտնեց, որ իր նախաձեռնությամբ արտերկրում կատարվել է փորձքաննություն, որի արդյունքում պարզվել է, որ քրեական գործում առկա են երկու խումբ ստորագրություններ՝ Արփի Մերասի կողմից կատարված:

«Հրանտ Անայանը միտումնավոր կեղծ տեղեկություններ է հայտնել դատարանին: Փաստացի կատարվել է հանցագործություն Հրանտ Անանյանի և քննիչի կողմից: Եթե ես մեղավոր եմ կմեղադրվեմ, բայց ինձ հետ միասին կմեղադրվեն նաև այն  մարդիկ, որոնք ևս կեղծարարություն են կատարել: Ես կեղծ փաստաթղթերի  հիման վրա չեմ պատրաստվում կրել քրեական պատասխանատվություն»,-հայտնեց նա:

Դատարանը որոշեց փաստաբան Հրանտ Անանյանին ներգրավել գործում՝ որպես տուժողի իրավահաջորդ Սարո Մերասի ներկայացուցիչ։ Անդրադառնալով ներկայացված միջնորդություններին՝ դատավորը հայտնեց, որ այս պահին գործը գտնվում է վիճաբանությունների փուլում և չի կարող քննարկել ներկայացված միջնորդությունները:

Մարինա Պողոսյանն էլ հայտնեց, որ չի պատրաստվում այս պայմաններում մասնակցել  դատական նիստին և ոտքի կանգնեց, որպեսզի լքի նիստերի դահլիճը. «Կարող եք կիրառել դատական սանկցիա»։

Սակայն դատավորը վերջինիս թույլ չտվեց լքել նիստերի դահլիճը:

«Տիկին Պողոսյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ խաթարի այս դատական նիստը»,-ասաց փաստաբան Հրանտ Անանյանը, ինչին ի պատասխան Մարինա Պողոսյանն ասաց՝ «Ես իրեն չեմ վիրավորում, ինքը կեղծարար է, ասում եմ,  կեղծարար»:

Պաշտպանական կողմի միջնորդության համաձայն դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 16-ին, որի ժամանակ պաշտպանական կողմը հանդես կա ճառով:

Հիշեցնենք, որ Մարինա Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ ապօրինի, անհատույց և շահադիտական դրդումներով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված Արփի Մերասի Երևան քաղաքի Նալբանդյան 50 շենքի 42 հասցեում գտնվող բնակարանը, դրանում առկա գույքերը և դրանց վաճառքից գոյացած 140.000 ԱՄՆ դոլար գումար: