«Ես բացառում եմ այն տարբերակը, որ հիվանդ կենդանու միսը կարող է հասնել մայրաքաղաք». Արթուր Աթոյան

«Արդյունավետ միջոցառումներ են ձեռնարկվում մեր սննդի անվտանգությունը, մեր ազգաբնակչության պաշտպանվածությունը արդյունավետ մակարդակի միջազգային պահանջներին հասցնելու համար», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն»-ի նախագահ և «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:

Վերջին ժամանակներում մի շարք միջոցառումներ են նախաձեռնվել, որոնց շնորհիվ հայկական սննդի անվտանգությունն իր պահանջները փորձում է հասցնել միջազգային չափանիշներին: Սննդի անվտանգության պետական տեսչությունը մի շարք նախաձեռնություններ է իրականացրել, որոնք բավականին արդյունավետ են գնահատվել: Դրանք շատ կարևոր են ոչ միայն ներպետական, այլև միջպետական հարաբերություններում:

«Այսօր առավել մեծ միջոցառումներ են ձեռնարկվում սպանդանոցների թիվն ավելացնելու և հացաբուլկեղենի տեղափոխման համար անհրաժեշտ մեքենաների քանակը մեծացնելու համար: Յուրաքանչյուր միջոցառում սահմանված է կոնկրետ ժամկետներով: Սա մեր կազմակերպության կողմից գնահատվում է որպես գրագետ ծրագիր, քանի որ միանգամից և հստակ ժամանակամիջում կկատարվի  աշխատանքը»:

Վերջին ամիսներին խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Հայաստանի մարզերից մի քանիսում տարածված է սիբիրախտը, գյուղացիները հիվանդ անասունի միսը հանգիստ իրացնում էին շուկաներում: Նմանատիպ տեղեկությունը նորություն էր բանախոսի համար: Վերջինս նշեց, որ նմանատիպ տեղեկատվության չի տիրապետում:

«Չնայած նման լուրերի, նշեմ, որ գուցե նմանատիպ միսը մարզերում է իրացվում: Ես բացառում եմ այն տարբերակը, որ հիվանդ կենդանու միսը կարող է հասնել մայրաքաղաք` հաշվի առնելով, թե ինչպիսի վերահսկողություն է իրականացվում սննդի կետերում: Շատ տեղեկություններ կարող են շրջանառվել, բայց շատ քչերն են համապատասխանում իրականությանը»,- ասում է Ա․ Աթոյանը:

Անդրադառնալով ձկնարտադրությանը՝ «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը նախազգուշացրեց.

«Ձկնարտահանողները պետք է իրենց գոտիները ձգեն, քանի որ առաջիկայում ջրի վարձը կրկին թանկանալու է, այս անգամ ավելի մեծ տոկոսով. 0,5 լումայից կդառնա 1 լումա»,- իր խոսքն ավարտեց բանախոսը:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի