«Ես այդ արձանագրությունը չեմ ստորագրել, այդ ստորագրությունն իմը չէ». դատարանը մերժեց Իշխան Բարսեղյանի միջնորդությունը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շուրջ 30 րոպե ուշացումով սկսվեց նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի և փաստաբան  Էլզա Զաքարյանի  գործով  դատական նիստը: 

Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ ամբաստանյալ Իշխան Բարսեղյանը դատարանին միջնորդել էր իրականացնել դատաձեռագրաբանական փորձաքննություն: Այսօրվա նիստին ևս Իշխան Բարսեղյանը հայտնեց, որ կաշառք տալու նամակում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին արձանագրության մեջ առկա ստորագրությունն իրեն չի պատկանում:

«Ես ընդամենը հայտնում եմ, որ ես այդ արձանագրությունը չեմ ստորագրել, այդ ստորագրությունն իմը չէ: Այդ օրը ես ինչ-որ բանի տակ ստորագրել եմ, բայց այդ արձանագրությունը ես չեմ ստորագրել:  Հարգելի նախագահող քննիչ Արտյոմ Գրիգորյանի կողմից կազմված փաստաթուղթը կեղծ է»,- իր խոսքում նշեց Իշխան Բարսեղյանը:

Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ հայտնեց, որ ինքը ստորագրել է այդ արձանագրության տակ, սակայն դրա բովանդակությանը մասամբ է ծանոթ եղել. «Պարոն Գրիգորյանն ինձ առաջարկեց ստորագրել արձանագրությունը, ինչը որ իմ ներկայությամբ է թելադրվել ես դրա բովանդակությանը ծանոթ եմ եղել»:

Դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց մերժել դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը:

Այնուհետև Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպանները ներկայացրին միջնորդություն այդ արձանագրության կազմման ժամանակ ներկա եղած ԱԱԾ մի քանի աշխատակիցների և ընթերականեր՝ Իզաբելլա Մարգարյանին և Հայկ Ոսկանյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանն էլ առարկեց ներկայացված միջնորդությունը՝ հայտնելով, որ այն պատճառաբանված չէ:

Դատարանը որոշեց մերժել պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը: