ԵՄ աջակցությունը ՀՀ արդարադատության ոլորտին անգնահատելի է. Արտակ Զեյնալյան

«2018թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված նոր կառավարության առաջնարհերթություններից են արդարադատության ապահովումը և դատական համակարգի հանդեպ հասարակության վստահության վերականգնումը: Այսօր այս մասին «ՀՀ արդարադատության ոլորտում բարեփոխումների ռազմավարական» թեմայով ԵՄ-ՀՀ ռազմավարական քաղաքականության երկխոսության վերաբերյալ աշխատաժողովի  ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Նախարարի խոսքերով՝ աշխատաժողովի նպատակն է վեր հանել դատական և իրավական ոլորտների առջև ծանրացած այն հիմնական և ելակետային խնդիրները որոնք պահանջում են շուտափույթ լուծումներ:

«Այսօր մեկնարկող երկխոսությունը կնպաստի արդարադատության ոլորտում հետագա բարեփոխումների ռազմավարական պլանավորմանը»,-ասաց Արտակ Զեյնալյանը, հույս հայտնելով, որ ռազմավարական նախագիծը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հիմք կծառայեն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հետագա համագործակցության համար:

Նախարարի խոսքով՝ կառավարությունը վճռականորեն նպատակաուղղված է լինելու արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը՝ հիմք ընդունելով 2019-2023թթ. դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը։ Ակնկալվում է, որ Կառավարությունը կընդունի Ռազմավարության նախագիծը և Գործողությունների ծրագիրը մինչև սույն թվականի վերջ:

«Ավելորդ չէ նշել, որ ԵՄ աջակցությունը ՀՀ արդարադատության ոլորտին անգնահատելի է։ ԵՄ-ն եղել է, կա և շարունակում է մնալ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների գլխավոր գործընկերը»,-ասաց Արտակ Զեյնալյանը, շեշտելով, որ ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ում ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական իշխանության անկախության, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանը:

Աշխատաժողովին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով  բաժնի ղեկավար Վասիլի Մարագոսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար. դեսպան Պյոտոր Սվիտալսկին, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի, Արդարադատության ակադեմիայի, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար. դեսպան Պյոտոր Սվիտալսկին շեշտեց, որ Եվրոպական միությունը պատրաստակամ է աջակցելու ՀՀ կառավարությանը՝ արդարադատոթւյան ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում:

«ԵՄ-ն ավելի քան 50 մլն եվրո ներդրումներ է իրականացրել ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխման համար։ Անշուշտ, այս ներդրումների մեծ մասն արդարադատության համակարգի նյութական մասին է առնչվել, ԵՄ-ն նպաստել է ստեղծելու կամ վերանորոգելու բազմաթիվ դատարաններ, Արմավիրի ՔԿՀ-ում շոշափելի արդյուքներ ենք ունեցել»,-ասաց Պյոտոր Սվիտալսկին:

Դեսպանի խոսքերով՝ ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» նոր էջ է բացվել. «Ինչ տեղի ունեցավ ապրիլին, մենք համարում ենք մի նոր հնարավորության պատուհան հայկական կառույցների, ինստիտուտների համար՝ որակական քայլ առաջ անել՝ ստեղծելու ազատ, արդար և արդյունավետ արդարադատության համակարգ։ Սակայն, հասկանում ենք, որ Հայաստանում դեռ առաջին քայլերն են անում, և ԵՄ-ն պատրաստ է շարունակաբար աջակցել և օժանդակել՝ նպաստելու այս նախագծի մշակմանը։ Կառավարության  համար դատական համակարգի արդարությունը գերակա ճյուղ է»,-ասաց նա:

Դեսպանի խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանն  անձամբ է ասել, որ երդվում է՝ երբևէ որևէ դատավորի զանգ չկատարել՝ դա լինի ուղղակի թե անուղղակիորեն. «Անշուշտ, գիտենք, որ քաղաքական դաշտում սա հաճախ կարող է տեղի ունենալ, բայց անկախությունը նաև ունի զանազան օղակներ. ոչ միայն գործադիր մարմնից ճնշման բացակայությունն է այստեղ կարևոր, այլ նաև այլ բաղադրիչներ կան՝ դատական համակարգի դիրքը։ Կարևոր է, թե ինչպես են ընտրվում դատավորները, ինչպես են նշանակվում, դատական խորհրդի գործառույթն է այստեղ կարևոր, ինչպես և մի շարք այլ գործառույթներ»։