«Եթե ես դատապարտվեմ, ուրեմն թքած ունեմ նման արդարադատության վրա». փաստաբանները տեսանյութ են հրապարակում

«Օբյեկտիվ և բազմակողմանի քննություն մենք չենք տեսնում: Մենք մեկ ամիս լռել ենք այս պատմության հետ կապված, ցանկանալով ժամանակ ընձեռել քննչական մարմիններին կատարելու իրենց աշխատանքը, բայց այդ «փայլուն» աշխատանքի հետևանքով ինձ մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (դիտավորությամբ հարվածել կամ ծեծել, ինչպես և ֆիզիկական ցավ պատճառելու հետ զուգորդված այլ բռնի գործողություններ կատարել-Ռ.Վ),- այս մասին այսօր հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հրապարակելով իր գրասենյակում տեղի ունեցած հարձակման դեպքի տեսանյութը:

            2017թ ապրիլի 27-ին, փաստաբաններ Արմեն Սողոմոնյանը և Տիգրան Աթանեսյանը ծեծի էին ենթարկվել վերջինիս գրասենյակում: Դեպքից մոտ կես ժամ անց, փաստաբան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով դեպքի մասին և նշել, որ հարձակումը կատարել են Սիմոն Բաբայանը, Վրեժ խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն:

            Այսօր հրապարակված 4 րոպե տևողությամբ տեսանյութից երևում է, թե ինչպես է ժամը 14:28-ի սահմաններում, Փաստաբանների պալատի Հաշվիչ հանձնաժողովի անդամ Արսեն Հարությունյանը նախ բարձրանում 2-րդ հարկ և փորձում գտնել Աթանեսյանի գրասենյակը, ապա գտնելուց հետո անհանգիստ այս ու այն կողմ է գնում և հեռանում գրասենյակին հարող միջանցքից: Չանցած 2 րոպե, նա վերադառնում է Փաստաբանական դպրոցի տնօրեն, ՓՊ խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդական, Ռազմական թաեկվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանի, ՓՊ նախագահի Կարգապահական գործերով խորհրդական Գևորգ Մկրտչյանի հետ և մտնում գրասենյակ: 1 րոպե 54 վայրկյան անց դուրս են գալիս գրասենյակից և իջնում աստիճաններով՝ առաջին հայացքից առանց որևէ վնասվածքների: Գրասենյակի ներսում պատկերն այլ էր. սենյակում գտնվող Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը ստացել էին վնասվածքներ դեմքի հատվածում, իսկ մարմնի վրա առկա էին ծեծի հետքեր:

            «Դեպքից մի քանի րոպե անց, երբ արդեն ի վիճակի էի խոսելու, հաղորդում եմ տվել Ոստիկանություն և պատմել հարձակման դեպքի մասին, որից հետո իմ հաղորդման հիման վրա գործ է հարուցվել»,- ասաց փաստաբան Աթանեսյանը:
Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել նաև փաստաբաններ Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը և Վրեժ Խաչիկյանն այն մասին, որ մարմնական վնասվածքներ են ստացել փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Նրանց հաղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել և քննվում է նույն վարույթում:

            Ոստիկանություն ներկայացված հաղորդման մեջ նշվում էր, որ Ա. Հարությունյանը ստացել է ձախ աչքի արյունազեղում և ծնոտի կոտրվածք, Ս. Բաբայան՝ ձախ այտի սալջարդ, իսկ Վ. Խաչիկյանը՝ ամորձիների շրջանում սալջարդ:

            Փաստաբան Լուսինե Սահակյանն իր մտահոգությունը հայտնեց այժմյան Փաստաբանական պալատի աշխատանքի մասին, նշելով, որ պալատն իր գործը թերություններով է կատարում, ապա անդրադարձավ գործընկերների վրա հարձակման դեպքին, մասնավորապես Սիմոն Բաբայանի ստացած վնասվածքին.

            «Ըստ դատաբժշկի՝ Բաբայանը ստացել է ձախ այտի վնասվածք, բայց դեպքի հաջորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները նրանից հետաքրքրվում են, թե մարմնի որ հատվածում է նա վնասվածք ստացել, Սիմոն Բաբայանը պատասխանում է՝ անտեսանելի վայրում: Ասածները հակասում են իրար: Այժմ հրապարակված տեսանյութից էլ դուք տեսնում եք՝ կա՞ այդ վնասվածքը, թե՞ ոչ»:

            Գործընկերոջ խոսքը շարունակելով, Տիգրան Աթանեսյանը դարձյալ մի քանի փաստեր առաջ քաշեց, մասնավորապես նշելով. «Մի շարք հետաքրքիր փաստեր կան՝ ինչպես է հարձակվողներից մեկը նախապես ուսումնասիրում տարածքը և ինչպես են, իբր մարմնական վնասվածք ստացած անձինք հանգիստ ու առողջ քայլելով հեռանում, այն ինչ նման վնասվածքներ ստացած մարդն ուղղակի չի կարող դիմանալ ցավին: Այս տեսանյութով ամբողջությամբ հերքվում են հարձակվողների ցուցմունքները, իսկ ինձ և Արմեն Սողոմոնյանին առաջադրված մեղադրանքը դառնում է ակնհայտ ապօրինություն»,- իր խոսքը շարունակեց փաստաբանը Աթանեսյանը:

            Հարձակման ենթարկված փաստաբան Արմեն Սողոմոնյանը, որ ստացել էր աչքի և դիմային վնասվածք, նշում է, որ հաղորդման մեջ ասվում է, թե իբր ինքն այդ 2 րոպեում ծեծել է 4 մարդու. «Եթե ես իրականում նախահարձակ լինեի, ապա էդ 4-ին էլ շանսատակ կանեի, դրանից հետո ինչ մեղադրանք էլ առաջադրվեր, կգնայի, մեղադրանքը կընդունեի և հանգիստ խղճով բանտ կնստեի, ոչ թե իրենց նման կգնայի կինքնավնասվեի, որ հիմա հովանավորների միջոցով ինչ-որ կապիկություններ անեի»:

            Փաստաբան Երվանդ Վարոսյանը կիսում էր գործընկերների կարծիքը, հայտնելով, որ հարձակումը գործած անձիք աջակցություն էին ստանում «վերևից». «Եթե նրանք չունենային երաշխիքներ, երբե՛ք ինքնուրույն նման քայլի չէին դիմի: Իմ համոզմունքն այն պատճառով է, որ հարձակվողները բոլորն էլ Փաստաբանական պալատում որոշակի պաշտոններ զբաղեցնող մարդիկ են, և, եթե չստանային ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի նախաձեռնությունն ու աջակցությունը, ապա նրանք այսօր մեկ վայրկյան ավել չէին լինի իրենց պաշտոններին»:

            Անդրադառնալով խնդրի լուծման տարբերակների, Տիգրան Աթանեսյանը նշեց, որ պատրաստ է հրաժարվել բողոքից և հաշտվել բոլորի հետ, եթե ընդունեն իր պայմանը. «Նրանք պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեն, խոստովանեն, որ այս ամենը կազմակերպված է եղել Արա Զոհրաբյանի կողմից, որից հետո բոլոր մեղավորները հրաժարական տան: Եթե այս ամենը չընդունվի և ես դատապարտվեմ, զրկվեմ արտոնագրից և դատապարտվեմ քրեական պատժի, ուրեմն ես թքած ունեմ նման արդարադատության վրա: Դրանից այն կողմ էլ ոչ մի զիջում չի լինելու: Փաստաբանական պալատի անունը ես շատ վաղուց փոխել և անվանում եմ «Ամբողջատիրական աղանդ»»:

            Վերջում փաստաբանները նշեցին, որ իրենց տեղեկություններով, հրապարակված տեսանյութն առկա է նաև նախաքննական մարմնի մոտ, իրենք այսօր հանրությանն են ներկայացնում տեսագրությունը, սակայն, հարկ եղած դեպքում կհրապարակեն նաև մինչ օրս գաղտնի պահված փաստեր. «Եթե իմ դեմ հարուցված քրեական գործը չկարճվի, ապա սա լինելու է «ոսկոր՝ իշխանության կոկորդին», իսկ այդ ժամանակ ես կտամ շատ հայտնի պաշտոնյաների անուններ»,- իր խոսքը եզրափակեց Տիգրան Աթանեսյանը:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի